Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
- Պարոն Բաբայան, ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը:
- Ամանորն ինձ համար բոլոր տոներից գլխավորն է, քանի որ հենց Ամանորի շեմին եմ մի պահ մտքով մեկուսանում և վերլուծում անցնող տարին, վերլուծում տարվա ձեռքբերումներն ու բացթողումները։ Ամանորն ինձ համար հարազատական տոն է, քանի որ Ամանորին միայն հարազատներիս հետ եմ ուզում շփվել:
- Ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին:
- Ես Նոր տարին միշտ դիմավորում եմ արթուն, ուրախ և ժպիտով, քանի որ շրջապատված եմ լինում հարազատներով, ընկերներով։
- Ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած այս տարի:
- Եկող տարվա համար նախատեսված ծրագրերը շատ են, որոնցից գլխավորը ևս մեկ զավակ ունենալն է։
- Մասնակցեցի՞ք տոնական նախապատրաստական աշխատանքներին:
- Իհարկե, առանց դրա տոնը լիարժեք չի կարող լինել։ Տոների գլխավոր պայմանը նախ դրան նախապատրաստվելն է, երբ ամեն բան ավարտելուց հետո հանգիստ շունչ ես քաշում ու վայելում տոնը, որի վրա ջանք ես թափել։
- Ասում են` Ամանորին հրաշքներ են կատարվում, հավատո՞ւմ եք:
- Ես հրաշքներին միշտ եմ հավատում, Ամանորն էլ հրաշքների կատարման առիթներից մեկն է։
- Ի՞նչ զգացողություններ եք ունենում նվեր ստանալիս:
- Ստանալ սիրում եմ, բայց շատ հաճելի է նաև մտածել, գտնել ու նվիրել։ Նվիրելու պահին էլ ուշադիր հետևել նվերն ստացողի էմոցիաներին։ Սիրում եմ մարդկանց ուրախ պահեր պարգևել։
- Ինչպիսի՞ նվերներ եք նախընտրում նվիրել:
- Գլխավորը՝ նպատակային և պահանջարկ ունեցող։ Այսինքն, թե ինչ կուզեր ունենալ տվյալ մարդը, ում պետք է նվիրեմ։
- Ո՞րն է եղել Ձեզ համար ամենահիշարժան ու թանկ ամանորյա նվերը:
- Ֆոտոխցիկը, որն ինձ գիշերը բերել էր Ձմեռ պապը. այդ ժամանակ յոթ կամ ութ տարեկան էի։
- Ամանորի գիշերն առաջինն ի՞նչի համար բաժակ բարձրացրեցիք:
- Ընտանիքիս, հարազատներիս երջանկության։ Կարծում եմ` երջանկության մեջ ամփոփված են բոլոր մաղթանքները։ Հետո՝ խաղաղության համար, ինչպես մարդկանց, այնպես էլ մեր երկրի։ Ընդհանրապես, Ամանորի գալստյան րոպեներին շատ մտքեր են գլխումս պտտվում։
- Ո՞րն է ամանորյա ձեր ամենասիրելի ուտեստը:
- Բոլոր այն ուտեստները, որոնք ճաշակում ենք սիրելիներով շրջապատված։
- Տոնական օրերը մի փոքր նաև հոգնեցուցիչ են. Հասցնո՞ւմ եք հանգստանալ այս օրերին:
- Կարծում եմ հասցնում եմ, քանի որ փորձում եմ ամեն կերպ կտրվել աշխատանքից, հոգսերից։ Այդ մի քանի օրն է, որ կարելի է նման շռայլություն թույլ տալ։
- Ի՞նչ եք ակնկալում 2015 թվականից:
- 2015-ը խորհրդանշական է, քանի որ լրանում է Ցեղասպանության 100-ամյակը։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մեծ ջանքեր է ներդրել 100-ամյակի միջոցառումների կազմակերպման մեջ։ Այդ միջոցառումներից մի քանիսի աշխատանքային խմբում ընդգրկված եմ։ Շատ եմ ուզում, որ մեր ջանքերը բերեն Ցեղասպանության լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը։ Սա կոնկրետ 2015-ի համար եմ ակնկալում, իսկ ընդհանրապես ցանկանում եմ, որ մեր երկրում վերջնական խաղաղություն հաստատվի հնարավորինս շուտ։ Տա Աստված, որ 2015թ-ին սահմանում չլինի զոհ, ոչ մեր կողմից, ոչ էլ հակառակորդի։
- Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին:
- Կոնկրետ ընտանիք չկա, սակայն փորձում եմ հնարավորություններիս սահմաններում օգնել դրա կարիքն ունեցողներին։ Արդեն այդպիսի օգնություն ցուցաբերել եմ։
- Որքա՞ն գումար ծախսեցիք ամանորյա գնումների համար:
- Մեր ընտանիքի ծախսային մասով կինս է զբաղվում։ Չեմ հարցրել։
- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և ձեռքբերումը:
- Ձեռքբերում համարում եմ այն բոլոր դեպքերը, երբ քաղաքական ուժերը խորհրդարանում միաձայն են որոշումներ ընդունում։ Ձեռքբերում եմ համարում նաև քաղաքական դաշտի ազատականացումը (ինչպես գիտեք խորհրդարանում, և ընդհանրապես, քաղաքական ամբիոններում, ազատ հնչում են խիստ քննադատող կարծիքներ)։ Կորուստը՝ քաղաքականությունը հասարակ դարձնելն է, որն անցնող տարում նկատվեց մի քանի գործիչների կողմից։ Երբ քաղաքականությունն ու հայհոյանքը չկարողացան տարբերակել, ինչն էլ թողեց վատ հետևանք մեր երկրի մասին միջազգային ընկալումներում։ Բռնությունները վատագույն դեպքերն էին, որ կարող էին տեղի ունենալ։
- Ինչպիսի՞ մաղթանքներ կհղեք հայ ժողովրդին և Analitik.am-ի ընթերցողին:
- Բոլորիս մսղթում եմ երջանկություն, ինչպես արդեն ասեցի երջանկության մեջ ամփոփված են բոլոր հրաշալի մաղթանքները։ Մաղթում եմ նաև հանդուրժողականություն, հարգանք միմյանց նկատմամբ և միասնություն։ Թող որ մեր ազգը մշտապես լինի այնքան միասնական, որքան եղավ անցնող տարվա օգոստոսին։ Մաղթում եմ նաև արժեքների գնահատման կարողություն, մեծ սեր երկրի հանդեպ։
Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը