Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
- Պարոն Էնֆիաջյան, սիրո՞ւմ եք Ամանորը:
- Ամանորն ու Սուրբ Ծնունդն իմ ամենասիրելի տոներից են: Հատկապես հաճելի է նորի, նոր կյանքի և նոր տարվա սպասումը:
- Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք նշելու Նոր տարին:
- Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես նշելու եմ ընտանիքիս, ընկերներիս և մտերիմներիս հետ:
- Հավատո՞ւմ եք ամանորյա հրաշքներին:
- Կյանքն արդեն հրաշք է...
- Ո՞րն է Ամանորին Ձեր ստացած ամենաանմոռանալի նվերը:
- Այդպիսիք շատ են, չեմ ցանկանում որևէ մեկն առանձնացնել:
- 2014-ի Ձեր ամենառոմանտիկ քայլը...
- Իմ ռոմանտիկ քայլերը միայն անձնական կյանքում են:
- Ամենաթանկարժեք իրը, որ ստացել եք :
- Նվերի արժեքը չեմ կարևորում: Կարևորը ուշադրության, սիրո և հարգանքի դրսևորումն է: Անգամ շատ փոքր արժեք ունեցող նվերը, եթե մատուցվում է մեծ սրտով, արդեն դառնում է թանկարժեք:
- Ձեր մասին ամենաանհեթեթ հրապարակումը...
- Անհեթեթություններին ուշադրություն չեմ դարձնում:
- Ի՞նչն է ձեզ հունից հանում:
- Անարդարությունը, սակայն անգամ ծայրահեղ լարված իրավիճակներում աշխատում եմ ինձ հանգիստ և հավասարակշռված պահել:
- Համամի՞տ եք, որ բարությունը կփրկի աշխարհը:
- Իհարկե, բայց միայն բարությունով փրկություն չի լինի, հարկավոր են ավելի գործնական քայլեր, կամեցողություն, հարգանք և սեր դեպի մարդկությունն ու բնությունը:
- Ի՞նչն է խանգարում մարդկանց երջանիկ լինել:
- Միմյանց հանդեպ սիրո, ջերմության և բարության պակասը:
- Տարին այծի է. ի՞նչ սպասենք այծից:
- Սնահավատ չեմ: Սպասելիքներս ռեալ են և մարդկային:
- Սխալ, որի համար զղջում եք...
- Արածներիս համար չեմ զղջում: Այն, ինչ եղել է, այլևս փոխել հնարավոր չէ:
- Ավանդական բուդ լինելո՞ւ է սեղանին:
- Ոչ:
- Երկրում այս տնտեսական ճգնաժամից դուրս գալու ի՞նչ ուղիներ եք տեսնում:
- Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է այդ գործը թողնել այն մարդուն, ով տնտեսության մեջ գործնական հաջողակ քայլեր է անում: Եվ, առհասարակ, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղին միասնական և վճռական պայքարն է: Այդ պայքարն էլ կտա մի շարք փոփոխություններ, որոնք երկիրը դուրս կբերեն ստեղծված ծանր իրավիճակից:
- Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել 2015 թվականը:
- Ամենակարևորը՝ լինի խաղաղության և բարեկեցության տարի:
- Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա սեղանի համար:
- Ամեն տարի տարբեր է լինում: Երբեք չենք կենտրոնանում շքեղության կամ արժեքի վրա: Կարևորը ջերմ և հաճելի մթնոլորտն է, մնացածը` երկրորդական բաներ են:
- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և ձեռքբերումը:
- Մեծ ձեռքբերում եմ համարում հայ ազգի՝ ապագայի և սեփական ուժերի նկատմամբ հավատի և վստահության բարձրացումը: Քաղաքական կորուստներ չունենք, պարզապես եղան բացահայտումներ, որոնք օր առաջ էին անհրաժեշտ:
- Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին:
- Այսպիսի նախաձեռնությունները չեմ հրապարակում:
- Analitik.am-ի կազմակերպած ԱՍ մրցանակաբաշխությանը Դուք ճանաչվեցիք «Հասարակության վստահությունը վայելող տարվա քաղաքական գործիչ»: Դա պարտավորեցնո՞ղ պարգև է, և առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում նման միջոցառումներին:
- Բնականաբար, որպես քաղաքական գործիչ՝ իմ աշխատանքի գերակշիռ մասը հենց հասարակության հետ է: Հասարակության տարբեր շերտերի հետ շփումն օգնում է ճանաչել քաղաքացուն, հասկանալ նրան հուզող հարցերն ու խնդիրները: Մեծ պատասխանատվություն է այս աշխատանքի ընթացքում վաստակել ժողովրդի վստահությունն ու հարգանքը: Այն հասարակության կողմից իմ աշխատանքի գնահատականն է, իսկ դա ինձ համար ամենակարևորն է: Քանի որ վստահությունն ապացուցում է, որ իմ աշխատանքն իզուր չի եղել և տվել է իր պտուղները: Այդ գնահատականը պարտավորեցնում է է՛լ ավելի լայն թափով, և է՛լ ավելի ոգևորությամբ աշխատել:
Այսպիսի միջոցառումները, բնականաբար, կարևոր են, քանի որ արտացոլում են քաղաքական գործչի կատարած աշխատանքի արդյունքները:
- Ինչպիսի՞ մաղթանքներ կհղեք հայ ժողովրդին և Analitik.am-ի ընթերցողին:
- Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում առողջության, երջանկության և բարեկեցության տարի: Այս նոր տարում թող բոլոր ընտանիքներում լինի խաղաղության և երջանկության մթնոլորտ:
Զրուցեց` Հասմիկ Մովսիսյանը