Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան տեսակամրջի ձեւաչափով Աստանայի եւ Երեւանի միացմամբ մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է, թե, «Մենք, բնականաբար, գիտենք, թե ինչ է կատարվում սահմանում, ստանում ենք փոխհրաձգությունների, հայկական կողմի զոհերի քանակի վերաբերյալ տեղեկություններ, մշակում եւ տրամադրում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որն իրավունք ունի ստանալ իր դաշնակիցների համակողմանի աջակցությունը՝ իր տարածքում իրադարձությունների բացասական զարգացման սրման պարագայում»:
Գլխավոր քարտուղարի նմանօրինակ դիտարկումներից ինչ հետևություններ կարելի է անել. Նախ՝ նա արձանագրում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության և փոխհրաձգությունների իրողություններն այսօր արդեն ՀԱՊԿ օրակարգի մաս են դարձել: Երկրորդը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության հանգամանքը, պաշտոնական Երևանը կարող է ստանալ ամենատարբեր, այդ թվում նաև, ինչպես կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածում է նշվում, ռազմական բնույթի օգնություն, եթե ի հայտ է եկել նրա անվտանգության ապահովման որևէ գործուն սպառնալիք:
Իրավական տեսանկյունից պարոն Բորդյուժան շատ ճիշտ է: Արդեն քանի երրորդ անգամ նա փաստում է ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի հնարավոր դերակատարման մասին: Մի կողմից սա իրավական նորմ է, որը, ըստ պամանագրի, պարտադիր է կիրառման տեսանկոյւնցի: Մյուս կողմից սա հստակ «հաղորդագրություն է» ուղղված հարևան երկրներին:
Սակայն ներկա վիճակում հարկ է հստակեցնել, թե ՀԱՊԿ-ի տեսանկյունից իրավական առումով ինչպես պետք է ընկալել «ՀՀ անվտանգություն» հասկացությունը:
Նախ՝ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է իր միջազգայնորեն ընդունելի սահմաններով, որոնց մեջ չի մտնում ԼՂ-ն կամ այլ տարածքներ:
Երկրորդ՝ բանակցային գործընթացի առկայությամբ և որպես զիջում՝ ՀՀ-ը դեռ չի ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Այսինքն ՀԱՊԿ-ն դե-յուրե պետք է ապահովի միայն ՀՀ-ի անվտանգությունը: Մինչդեռ դե-ֆակտո, իրավիճակը քիչ այլ է. այսօր ՀԱՊԿ-ի ներքո գործող ՀՕՊ և ՀՀՊ հայ-ռուսական միացյալ ստորաբաժանումները ապահովում են ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԼՂՀ-ի անվտանգությունը:
Երրորդ՝ ըստ ՀՀ-ի Նախագահի հռչակած մոտեցման, այն օրը, երբ Ադրբեջանը որոշեց վերսկսել պատերազմի ակտիվ փուլը, ՀՀ-ն միակողմանիորեն ճանաչելու է ԼՂ-ն, դուրս է գալու բանակցային գործընթացից, ռազմական փոխօգնության ակտ է ստորագրելու ԼՂՀ-ի հետ և միացյալ ճակատով ապահովելու է ընդհանուր անվտանգությունը: Այս պարագայում ՀԱՊԿ-ն իրականում կհայտնվի բավական բարդ իրադրության մեջ, սակայն միայն իրավական առումով: Գործնականում ամեն բան կորոշեն անդամ-երկրների ազգային շահերը: