Ֆեյսբուք 

Կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծն ընթերցելիս հարցեր են առաջանում

Վահագն Սարոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 

ԱԺ-ն քննարկում է կառավարության կողմից առաջարկված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի» Հայաստանի Հանրապետության օրենքերում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք ՀՀ-ում գրանցված գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:



Ըստ կառավարության ներկայացրած փոփոխության նախագծի, օրենքը տարածվում է ոչ թե անհատ խոպանչիների, այլ այն արտագնա աշխատողների վրա, ովքեր արտերկրում աշխատելու պայմանագիր են կնքել ՀՀ-ում գրանցված ընկերության հետ:



Մի պարզ օրինակի վրա հասկանանք ինչ է իրենից ներկայացնում օրենքի փոփոխության նախագիծը: Օրինակ այստեղ` ՀՀ-ում, գործող շինարարական մի հիմնարկություն տենդեր է շահում ՌԴ-ում և այնտեղ է տեղափոխում իր շինբրիգադը և կատարած աշխատանքից ստացված եկամուտից պետք է հարկ վճարի:



Կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծն ընթերցելիս հարցեր են առաջանում:



1) ՀՀ ռեզիդենտ քանի կազմակերպություններ կան, որոնք շինարարական աշխատանքներ են արտահանում և չեն հարկվում: 

 

2) Եթե Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկն է ապա արտագնա աշխատանքներ կազմակերպողները, միայն շնարարական աշխատանքներ են արտահանում, թե՞ այլ աշատանքներ էլ կան որոնք արտահանվում են և մինչ այս օրենքի փոփոխությունը հարկային դաշտում են եղել:



Իսկ ահա «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծից ենթադրվում է, որ 5 տոկոս շահութահարկ են վճարելու անհատ «խոպանչիները»:



Մեջբերում փոփոխության նախագծից` «1.1-ին մասի 4-րդ ենթակետում «աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի» բառերը.»:



Այսինքն այն խոպանչիները, ովքեր արտագնա աշխատանքով են «հաց վաստակում», մտնում են հարկային դաշտ:



Սակայն, չնայած կառավարության առաջարկած հիմնավորմանն, այդպես էլ անհասկանալի է մնում, ինչու հենց միայն շինարարական աշխատանքներով զբաղվողները: Ինչո՞ւ է դիֆերենցացվում «արտահանվող» աշխատանքի հարկումը:



Իսկ հիմնավորումները շարադրելուց արդյոք հաշվի՞ են առնվել այն ռիսկերը, որոնք կառաջանան օրենքի փոփոխության ընդունումից և այդ ռիսկերի հետևանքներն ու հետագծերը, որոնք կարող են ծնել այլ պրոբլեմներ կամ խորացնել արդեն եղածները:



Իսկ ինչու պետք է կրկնակի հարկվի աշխատակիցը եթե նրա կատարած աշխատանքից ստացած եկամուտների համար արտերկրում արդեն իսկ պահումներ արվում են:



Կառավարությունը հիմնավորում է` ««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությամբ»:



Իսկ բովանդակությունից ու կիրառելիությունից ենթադրվում է, որ այս օրենքի նախագծերը ոչ թե նպաստում են արտահանման աշխուժացմանն ու որակին, այլ նպաստում են արտագաղթի մեծացմանն ու տրանսֆերտների կրճատմանը:

Նույն շարքից