Հարցազրույց 

Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներով ե՞րբ են բնակարաններ ձեռք բերվելու. Վահան Թումասյան

Վ.Թումասյանը analitik.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց Գյումրիում վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող հարյուրավոր անօթևան ընտանիքներին ոչ պետական միջոցներով բնակարաններով ապահովելու անհրաժեշտության վրա:

«Տասնյակ գյումրեցի անօթևան ընտանիքներ ուրախությամբ լսեցին, երբ տեղեկատվություն տարածվեց, թե 2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հեռուստատեսություններից մեկի նախաձեռնությամբ իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարով տասնյակ բնակարաններ են գնվելու և նվիրաբերվելու Գյումրու անօթևան ընտանիքներին: Գյումրեցիները հիմա էլ լիահույս սպասում են այդ երանելի օրվան և ուզում են իմանալ, թե վերջապես ե՞րբ և ու՞մ են տրամադրվելու հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներով ձեռք բերված բնակարանները:


Սակայն, հեռուստամարաթոնից անցել է արդեն ավելի քան չորս ամիս և մինչև օրս հանգանակված գումարի ճակատագրի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել»,- խնդրի առնչությամբ մտահոգություն հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահը, ում մասնավորապես հետաքրքրում է, թե գյումրեցի անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնի ընթացքում որքա՞ն գումար է հանգանակվել, վերջապես ե՞րբ են այդ գումարներով բնակարաններ ձեռք բերվելու, ու՞մ, ի՞նչ սկզբունքով ու պայմանով են նվիրաբերվելու կամ տրամադրվելու հանգանակված գումարներով գնվելիք բնակարանները:

Պարոն Թումասյանի խոսքով, հարյուրավոր անօթևան ընտանիքներ ակնկալում են, որ մոտակա ժամանակահատվածում կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից աղետի գոտու և Գյումրու, հատկապես պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով համահայկական հեռուստամարաթոն-դրամահավաք:

Հ.Գ. Ինչպես ասում են՝ հույսը վերջում է մեռնում, ինչի վրա «հենված» էլ ապրում են և դեռ շարունակելու են ապրել ավելի քան քառորդ դար ծայրահեղ սոցիալական պայմաններում մաքառող անօթևան ընտանիքները:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից