Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ և վերլուծաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում : Ի վերջո, ինչ հանգուցալուծում կստանա կուսակցությունների մեջ ծայր առած այս թշնամանքը և դեպի ո՞ւր կարող է տանել այն երկիրն ու ժողովրդին. Արդյոք այս դեպքերը հնարավո՞ր է հանգեցնեն արտահերթ ընտրությունների, թե՞ բացառվում է դա:
Analitik.am-ի հետ այդ թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, նշելով որ այնքան էլ չի հավատում արտահերթ ընտրություններին:
Հարցին, թե ներքաղաքական խնդիրները կարո՞ղ են ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, նա ասաց, որ ցանկացած անհավասարակշռություն, որը ստեղծվում է երկրի քաղաքական կյանքում, կարող է օգտագործվել մեր թշնամիների կողմից, ուստի հարկավոր է շրջահայց լինել :
Արդյոք ինչ կանխատեսում ունի պարոն Սաֆարյանը՝ գարունը թեժ կլինի՞, թե՞ այնպիսին, ինչպիսին անցած աշունն էր: Ըստ զրուցակցիս՝ գարնանն արդեն կրքերը հանգստացած կլինեն.«Չեմ կարող ասել: Ինձ թվում է, սա մի գործընթաց է, որը պետք է արագ որոշվի. կա´մ այս կողմից, կա´մ այն կողմից»,-նկատեց նա:
Ինչ վերաբերվում է Փետրվարի 20-ի հանրահավաքին, վերլուծաբանը գտնում է, որ այն, պարզապես, Գագիկ Ծառուկյանի անձի պաշտպանության , «այսպես ասած՝ ժողովրդական օղակ ստեղծելու համար է»:
Հարցին, թե հանրահավաքների դեպքում չի՞ վտանգվի ադյոք քաղաքացիական և հանրային կյանքը, ասաց, որ դրանից «լավ բաներ» չի կարելի սպասել. «Իհարկե, պետք է իմանանք՝ նախկինում էլ մենք բազմաթիվ անգամներ ժողովրդական ալիք տեսել ենք, ընդվզումի արդյունքում, միևնույն է, ոչինչ չի փոխվելու, այնպես որ, միանշանակ չէ, որ այս անգամ կփոխվի»:
Թե ինչո՞ւ են ԲՀԿ-ականները լքում կուսակցության շարքերը, պարոն Սաֆարյանը տեսակետ հայտնեց որ դրա հետևում կանգնած են իշխանությունները, դա ճնշում է իշխանությունների կողմից:
Անդրադառնաով հիշյալ կուսակցության պատգամավորների նկատմամբ սկսված հետապնդումներին, Ս.Սաֆարյանն ասաց, որ խշխանություները ձգտում են հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանը արմատախիլ լինի քաղաքական դաշտից: Իսկ նրանք, ովքեր կմնան նրա կողքին, նրանք կա´մ արմատախիլ կլինեն, կա´մ կտուժեն:
«Ես դեռևս չգիտեմ, թե մյուս կողմը ինչ է պլանավորում անել: Բայց եթե դատենք, թե ինչ է անում իշխանությունը Ծառուկյանի կամ Ծառուկյանի թիմի հետ, ապա կարելի է ասել՝ նրանք, ովքեր կմնան Ծառուկյանի կողքին՝ արմատախիլ կլինեն: Բնականաբար, ովքեր չեն ցանկանում նման իրավիճակում հայտնվել, պետք է հեռանան»:
Այնուամենայնիվ, իշխանափոխություն Հայաստանում հնարավո՞ր է հարցին էլ հետևյալ պատասխանը տվեց. «Իշխանափոխության համար անհրաժեշտ են ներքին և արտաքին բազմաթիվ գործոններ:Այս պահի դրությամբ, ես տեսնում եմ ներքին մի քանի գործոններ, որոնք, սակայն, չեն կարող հանգեցնել իշխանափոխության. չկա այդպիսի բան»:
Դիտարկմանը՝ թե տեղեկատվություն կա, որ Մոսկվան դեմ չէ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը, պարոն Սաֆարյանը չհամաձայնեց այդ վարկածի հետ.«Ես համաձայն չեմ:Մոսկվան իշխանափոխության խնդիր չի դրել և ես դա չեմ տեսնում: Մոսկվան, լավագույն դեպքում, կարող է հրահրել այսպիսի բաներ՝ 2018-ին իր ցանկալի սցենարը կյանքի կոչելու համար: Բայց ես չեմ կարծում, որ Մոսկվան, առայժմ, այսպիսի անհրաժեշտություն ունի»:
Հասմիկ Մովսիսյան