Հոկտեմբերի 9-12-ը Երևանում անցկացվեց «Պանարմենիան էքսպո-2014» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման Հայկական Գործակալության և «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ» ընկերության կողմից: Ցուցահանդեսի մասին մենք զրուցեցինք «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանի հետ:
-Ե՞րբ է նախաձեռնվել «Պանարմենիան էքսպո»-ն:
-«Պանարմենիան էքսպո»-ն նախաձեռնվել է 2003 թվականին` Սփյուռք -Հայաստան տնտեսական համաժողովի շրջանակներում: Այդ տնտեսական համաժողովն այն ժամանակ անցկացվում էր 3 տարին մեկ, հետևաբար՝ ցուցահանդեսը ևս: Քանի որ այս տարվանից էլ չի անցկացվում Սփյուռք-Հայաստան տնտեսական համաժողովը՝ ցուցահանդեսը անցկացվելու է ամեն տարի:
- Ինչո՞վ են տարբերվելու այսուհետ անցկացվող ցուցահանդեսները նախորդներից:
-Փոխվել է ցուցահանդեսի քաղաքականությունը. նախկինում համահայկական ցուցահանդես էր, իսկ հիմա կրում է միջազգային բնույթ: Այս տարի ունենք հյուրեր նաև այլ պետություններից՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Ռուսաստանից և Պարսկաստանից:
- Ընդհանուր առմամբ քանի՞ մասնակից կար այս տարի և ի՞նչ թեմատիկ բաժիններ կային:
-Այս տարի ցուցահանդեսին մասկացել է 120-ից ավել կազմակերպություն՝ տարբեր ապրանքատեսակներով ու ծառայություններով: Թեմատիկ բաժիններ ունենք՝ մշակույթից մինչև արդյունաբերություն. սահմանափակում չկա:
-Ինչպե՞ս եք ընտրում կազմակերպություններին, չափորոշիչներ կա՞ն:
-Մեզ համար բոլորն էլ հավասար են. մենք հնարավորություն ենք տալիս բոլոր այն կազմակերպություններին, որոնք ունեն ներկայացնելու լավ արտադրանք կամ ծառայություն: Կարևորը գրանցված իրավաբանական անձ լինելն է:
-Լավ, իսկ ո՞րն է ցուցահանդեսի նպատակը:
-Գլխավոր նպատակը ընդհանուր տնտեսությունը ցույց տալն ու հայկական արտադրանքի առաջմղումն է: Ցուցահանդեսը բիզնեսի շարժիչ ուժերից մեկն է, քանի որ սա միակ վայրն է, որտեղ արտադրողն ու սպառողը դուրս են գալիս դեմ դիմաց և կարող են մանրամասն խոսել և քննարկել իրենց հուզող բոլոր հարցերը: Մասնակիցների համար ցուցահանդեսը ևս մի անգամ մարքեթինգային հետազոտություն է: Այս ցուցահանդեսի միջոցով կարելի է Հայաստանը բիզնես կենտրոն դարձնել: Համաշխարհային տնտեսական վիճակից ելնելով՝ կարևոր է համաշխարհային տնտեսական շղթայում կապող օղակ լինելը: Նաև կարևոր նպատակ է բիզնես տուրիզմի զարգացումը դեպի Հայաստան:
-Այս տարի այցելուների աճ նկատվե՞ց և ո՞ր տաղավարներով էին հատկապես հետաքրքրված:
- Այո, այս տարի մարդկանց հոսքը շատ էր: Կոնկրետ տաղավարներ չեմ ուզում նշել, ընդհանուր բոլոր տաղավարներով էլ հետաքրքրված էին:
Արմինե Բրսոյան