Հարցազրույց 

Պատրաստում եմ 100 շիշ գինի և իմ կողմից որպես ամանորյա նվեր նվիրում հարյուր մարդու. Թևան Պողոսյան

Մանուկ ժամանակ  ես երազում էի, որ Ձմեռ պապիկից կստանամ ծովային պատերազմական «Մորսկոյ  բոյ»  խաղալիքը:


Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը


- Պարոն Պողոսյան, սիրո՞ւմ եք Նոր տարին, եթե այո,  ինչո՞ւ:


- Սիրում եմ, որովհետև ամենահաճելի, տոնական, ընտանեկան տոնն է. բացի այդ,  նոր գաղափար նշող տոն է: Այդ իմատով էլ ինքը ամենալավերից  մեկն է մեր կյանքում, որը հավեսով նշում ենք:


- Որտե՞ղ եք նշել Ամանորը:


- Ամբողջ իմ կյանքում Նոր տարին մեր տանը,  ընտանիքիս հետ եմ նշել:


- Կարո՞ղ եք հիշել Ձեր ամանորյա ամենահիշարժան նվերը:


- Մի քանիսն են, դժվար է կոնկրետ  ասել. Այստեղ տարիքի խնդիրը նաև կա: Օրինակ,  մանուկ ժամանակ  ես երազում էի, որ Ձմեռ պապիկից կստանամ ծովային պատերազմական «Մորսկոյ  բոյ»  խաղալիքը: Իսկ ավելի մեծ տարիքում երազում էի, որ ընտանիքս ուրախ, երջանիկ ժպտադեմ կողքս նստած կլինի: Այնպես որ, իր տարիքային իմաստով տարբեր է: Բայց ես ուրախ եմ, որ չի եղել որևէ Նոր տարի, որ իմ ուզածիս պես չլիներ:


- Նվերնե՞ր եք սիրում անել, թե՞ ստանալ:


- Ես ավելի շատ սիրում եմ նվիրել:


- 2014-ն ինչպիսի՞ն էր  Ձեր տեսանկյունից:


-Ուրախ եմ, որ ընտանիքումս ամեն ինչ լավ էր. հիվանդ մարդ չունենք, ամեն ինչ իր տեղում է: Եթե աշխատանքային պահով վերցնենք, այո, շատ ծրագրեր անհնարին եղավ իրականացնել: Դրանից ես ինձ ոչ թե վատ եմ զգում, այլ փորձելու եմ հաջորդ տարի դրանք կյանքի կոչել:


- Ի՞նչ սպասելիքներ ունեք 2015-ից:


- Այն, ինչ երազում եմ, ցանկանում եմ, որ կատարվեն. Կմաղթեմ, որ 2015-ը առողջության, խաղաղության, բարեկեցության տարի  լինի և Աստված տա այնպես լինի, որ որևէ մեկը իմ կյանքում չպակասի:


- Եթե գաղտնի չէ, որքա՞ն գումար եք ծախսել ամանորյա տոնակատարության համար:


- Փորձել ենք համեստ ձևով նշել. Դժվար է հաշվարկել այդ գումարը, քանի որ փոքրիկ երեխա ունենք և Ձմեռ պապիկին ուղղված խնդրանքները տարեց տարի փոխվում են:


- Կա՞ ընտանիք, որին,  ավանդույթի կարգով, օգնում եք այս օրերին:


- Ընդհանրապես, մեր ընտանիքի կողմից օգնությունները   չեն սահմանափակվում  միայն Նոր տարով, և ամեն ամիս փորձում ենբ ինչ-որ բան անել, բայց դրա մասին չեմ սիրում խոսել. այն անձնական է: Կոնկրետ Նոր տարվա հետ կապված` հնարավորինս օգնում եմ ծնողներիս, փորձում եմ օգտակար լինել: Ես ունեմ նաև իմ կողմից պատրաստած սեփական նվերը, ինչը ինքս եմ պատրաստում`  ընդամենը 100 շիշ գինի և որպես նվեր նվիրում հարյուր մարդու: Այդ գինին պատրաստված է  ուրախությամբ և ես սրտանց նվերում եմ, որպեսզի կա՛մ  Նոր տարվա սեղանին լինի, կա՛մ, առնվազն, Զատիկին բացվի և խմվի:


- Ըստ Ձեզ, ո՞րն էր 2014-ի քաղաքական ամենամեծ կորուստը և ձեռքբերումը:


- Ամենամեծ կորուստը ԵՏՄ-ին անդամակցելն էր. ամենամեծ ձեռքբերումը, ապագայում` որոշ փոփոխությունների հիմքերի  ներդրումը,  և հուսանք , որ 2015-ին կլինի իսկապես փոփոխությունների տարի: Եթե գլոբալ դիտարկեմ, ակնկալում եմ փոփոխություններ`  ինչպես կառավարման ոլորտում, այնպես էլ` սերնդափոխության խնդիրների ելքի  մասով , որ երկիրը սկսի ճիշտ զարգանալ:


- Ի՞նչ եք մաղթում հայ ժողովրդին և analitik.am-ի ընթերցողին:


- Առողջություն, բարեկեցություն, խաղաղություն: Դա, իմ կարծիքով, ամենակարևոր խնդիրն է այսօր. որ առաջին գծում կանգնած մեր զինվորները միշտ խաղաղ ծառայության մեջ լինեն: Ցանկանում եմ, որ մարդիկ երբևէ չհիասթափվեն, ամեն գնով սիրեն իրենց հայրենիքը և չհեռանան այստեղից : Հաշվի առնելով, որ 2015-ը կարևորագույն տարի է հայոց պատմության համար,  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, մաղթում եմ, որ  մենք այնքան ուժեղ լինենք, որ կարողանանք այդ չարագործության արժանի պատասխանը տալ, ապացուցենք, որ ապրելու ենք, հարատևելու ենք և շատանալու ենք: Այդ առումով , հայ ազգի գենետիկ բալանսը  պահելու համար, կմաղթեմ, որ ցանկացած հայ ընտանիքում գոնե մեկ բալիկ ծնվի :

 

 

Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից