Բարի օր 

Նոյեմբերի 6-ին ծնվել է ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլը

analitik.am
Ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլը (գերմ. Robert Musil, 1880թ., նոյեմբեր 6 - 1942թ., ապրիլ 15) ծնվել է Ավստրիայի Քլանգեֆուրտ քաղաքում՝ ինժեներ Ալֆրեդ Մուզիլի և նրա կնոջ՝ Հերմինեի  ընտանիքում:
1881-1882թթ. Մուզիլների ընտանիքը տեղափոխվում է Կոմոտաու (Բոհեմիա), իսկ 1882-1891թթ.-ին՝ Շտայր (Վերին Ավստրիա): Հաճախում է տեղի ժողովրդական դպրոցը և ռեալական գիմնազիայի առաջին դասարանը: 1892-1894թթ.-ին հաճախում է Այզենշտադի Զինվորական տարրական դպրոցը:
1894-1897թթ.-ին հաճախում է Մեհրիշ-Վայսքիրխընի (Հրանիկե) Զինվորական բարձրագույն դպրոցը: Զբաղվելով հրետանային գործով` Մուզիլը բացահայտում է իր տեխնիկական ընդունակություններն ու հետաքրքրությունները:1897թ.-ին ուսանում է Վիեննայի Տեխնիկական Զինվորական ակադեմիայում:
1901թ.-ի հուլիսին Պետական քննություն է հանձնում ինժեների որակավորում ստանալու համար:1902-1903թթ. ուսանում է Շտուտգարտի Բարձրագույն Տեխնիկական դպրոցում: Աշխատում է «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» ինքնակենսագրական բնույթի վեպի վրա:
1903-1908թթ. տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն է ուսանում Բեռլինի համալսարանում: 1904թ. Մուզիլը հասունության քննություն է հանձնում Բրյուննի գերմանական պետական գիմնազիայում: 1906թ. Մուզիլը լույս է ընծայում իր անդրանիկ վեպը «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջություններ»-ը:
Նույն թվականին էլ Մուզիլը պատրաստում է մի փոփոխարկվող հոլ մարդկանց գունային ընկալումների հետազոտման նպատակով (այդ սարքավորումն էլ այդպես էլ կոչվում է` մուզիլյան գունահոլ): 1908թ. ատենախոսություն է պաշտպանում միանգամից երեք մասնագիտությունների գծով` փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա` «Մախի ուսմունքի գնահատման խնդրի շուրջ» վերնագրով:
1909թ.-ից մինչև առաջին աշխարհամարտն թղթակցում է մի շարք պարբերականների: 1911թ. լույս է ընծայում «Միացումներ» ժողովածուն: Ամուսնանում է Մարթա Մարկովալդիի (օրիորդական ազգանունը Հայմանն) հետ: 1914-1918թթ. պատերազմն սկսում է որպես կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով՝ այդ ամբողջ ընթացքում հիմնականում գտնվելով իտալական ճակատում: 1918-1920թթ. պատերազմի ընթացքում և հետո` մինչև 1920թ., շարունակում է գրահրապարակախոսական գործունեությունը:
1931թ. լույս է տեսնում «Մարդն առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն ունենում: 1933թ. լույս է տեսնում վեպի երկրորդ հատորի առաջին մասը: Երրորդ ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա, ուր և շարունակում է աշխատանքը վեպի վրա` նյութական մեծ դժվարություններ կրելով:
1939թ. տեղափոխվում է Ժնև: Դարձյալ ծանր նյութական դրության մեջ և փոքր քանակի դրամական օժանդակությամբ շարունակում է աշխատանքը վեպի վրա: 1942թ.-ի ապրիլի 15-ին մահանում է Ժնևում:

Նույն շարքից