Բարի օր 

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

analitik.am
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, 1947թ.-ին ընտանիքի հետ հայրենադարձել է: 1960թ.-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1965թ.-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1967թ.-ին՝ ասպիրանտուրան:
1967-86թթ.-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986թ.-ից), 1992-95թթ.-ին՝ ռեկտոր: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:
Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա` երգելու՝ Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար):
Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006թ.):

Նույն շարքից