Բարի օր 

Ի՞նչ է ծխում Արմեն Երիցյանը

analitik.am

Սույն թվականի ապրիլի 13-ին analitik.am-ը պաշտոնական հարցում էր ուղարկել ՏԿԱԻՆ, որը ներկայացնում ենք ստորև.



www.analitik.am լրատվավերլուծական կայք


Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանին

Մարգարյան Անահիտ 
/Վարդանանց 4, բն. 3 /

Տեղեկություն ստանալու հարցում


Հարգելի պրն/տկն Վարդանյան,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ՝


Սույն թվականի ապրիլի 12-ին Երևանում ՝ Կարապի լճի մոտ, կայացավ ռեփեր Քենյա Ուեսթի համերգը, որի ժամանակ  տեղի ունեցավ արտակարգ դեպք՝ ռեփերը մտավ լիճը, ում հետևեցին բազմաթիվ մարդիկ: Արդյոք ՀՀ ԱԻՆ-ը նախապես ուղարկել էր փրկարարներ համերգի կայացման վայր, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Եթե փրկարարներ ներկա էին համերգի կայացման վայրում, ապա արտակարգ դեպքի ժամանակ ինչո՞ւ նրանք որևէ կերպ չմիջամտեցին իրավիճակի կարգավորմանը:


"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):

 

Կանխավ շնորհակալ եմ`

Մարգարյան Անահիտ

13.04.2015թ.


 

Հարցմանն ի պատասխան ՏԿԱԻՆ-ն  իր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքում տեղադրել է հետևյալ պատասխանը, որը ներկայացնում ենք  նաև սքրին շոթերի տեսքով:


 ՏԿԱԻՆ-ի պատասխանը. 

՛՛Ամբողջ Հայաստանը, համայն հայությունն ու ողջ առաջադեմ մարդկությունը հպարտացած-հիացած էր ապրիլ 12 կիրակիով, և միայն Անալիտիկն էր կիկոսամայր դարձած վարկածա-հարցախեղդ եղել ու անասելի նեղվել իր խորն ու լիքը անալիզներից՝ բա որ հանկարծ ռեփերին ու իր երկրպագուներին մի բան պատահեր... Բա ու՞ր էին Արմեն Երիցյանն ու իր փրկարարները, ինչի՞ են նրանք ՀՀ բյուջեից այդչափ ֆինանսավորում ստանում, ինչու՞ են այդքան շատ գովաբանվում ու փառաբանվում: Հետո անթաքույց մաղձով մի երկու շրջան պտտվում են Արմեն Երիցյանի շուրջ՝ էդ ո՞նց ա պատահում, որ անձամբ էլ ես մարդկանց փրկում և հաջողված կադրերով հայտնվում ԶԼՄ-ներում: Իսկ այս դեպքում՝ մարդիկ ստիպված իրենց ուժերով փրկվեցին:

 

Վերնագիրն էլ դրել են ՝ Ո՞վ փրկեց Քանյե Ուեսթին


Ա′յ հարգելի ու անտեղյակ Անալիտիկ:
Տեղեկացնեմ ձեզ, որ փրկարարներն այդ օրը հերթապահություն էին իրականացնում երեք ֆրոնտով՝ օդում, ջրում և ցամաքում: Մեր թռչող սարքերը՝ օդաչուավոր և անօդաչու, աչալուրջ հսկում էին լճամերձ ու հարակից տարածքները, և առաջին իսկ վտանգի դեպքում մեր պարաշյուտիստները պատրաստ էին երաժշտության խրոխտ հնչյունների ներքո իջնել պարահրապարակ, բայց ինչպես ցույց տվեցին վերևից կատարված նկարահանումները, դրա անհրաժեշտությունը չեղավ:

 

Լճի հզոր ալիքներն ու կոհակները դժվարությամբ էին քողարկում մեր փրկարարական սուզանավերի փողփողացող դրոշները, տասնյակ ջրասուզակների օգնության պատրաստ ջլապինդ բազուկներն ու ոսկեզօծ անալիտիկ պաստառները՝ խեղդվողների փրկությունը հենց իրենց խեղդվողների ձեռագործն է /ուշադիր հետևեք թռչող սարքից կատարված նկարահանումներին/:


Եվ, վերջապես, ամբողջ ափով մեկ հերթապահում էին մեր կամավոր հրշեջ-փրկարարները՝ աղջիկներ և տղաներ, մեր փողային նվագախումբն ու նույնիսկ մեկ կին ատամնատեխնիկ: Իսկ բեմին կից շտապ օգնության ավտոմեքենայի մեջ տեղավորվել էր երեք հրշեջ մեքենա, այն դեպքի համար, եթե հանկարծ անալիզներից խենթացած ոմն անհայտը կամ շատ հանրահայտ մեկը որոշեր հրկիզել լիճը:


Մի բաժակ լճում փոթորկի կայֆ որոնող և սեփական անալիզներից ծանր հոգեվիճակում հայտնվող պատվերով համերգի անսլուխ սազանդարներ, ինչքան հնարավոր է ձեզ հեռու պահեք փրկարարներից: Ափսոս եք, ևս մեկ նման քայլ ու վերջնականապես կվարկաբեկվեք: Այլևս ոչ մի անհատ ու կառույց, որտեղից էլ որ ֆինանսավորվի, ձեր փորած փոսից ձեզ չի հանի: Գրելուց առաջ մի քիչ անալի′զ արեք, էլի՛՛:
 



Նույն շարքից