Բարի օր Իրավական 

Ի՞նչ լուծումներ են տեսնում «Սասնա ծռեր»-ի գործում խմբի աջակիցները. (Վիդեոուղերձ Analitik.am-ին )

analitik.am

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի աջակիցները կազմակերպել էին բողոքի ակցիաներ՝ այդպիսով պահանջելով բավարարել փաստաբանների միջնորդությունը և ազատ արձակել խմբի անդամներին:

Հարկ է նշել, որ բողոքի ակցիան շարունակվում է դատարանի մուտքի առաջ և ակցիայի մասնակիցները չեն բացառում, որ հետագայում կարող են փողոց փակել, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Analitik.am - ն այս հարցի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ հավաքեց՝ հարցում անցկացնելով խմբի աջակիցների շարքերում՝ պահանջների, լուծումների և հետագա քայլերի վերաբերյալ։

«Սասնա Ծռերի»-ի աջակիցներից պարզեցինք, որ ակցիան ուղղված է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից ղեկավարվող արդարադատության համակարգի դեմ  և հիմնական պահանջն է գլխավոր դատախազի և բոլոր նրանց հրաժարականի պահանջը, ովքեր զբաղված են եղել «Սասնա Ծռերի» և քաղբանտարկյալների շինծու մեղադրանքներ «կարելով»։

Խմբի աջակիցներից մեկի համար առաջին քայլը` փոխել խափանման միջոցը և արդար ու անկախ հետաքննություն և արդար դատավարություն վարելն է։

Խոսելով այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի մոտեցման մասին՝ նույն աջակիցն ասաց. «Շատ դրական, ճիշտ և արդար մոտեցում էր»։

Ըստ խմբի մեկ այլ աջակցի ակցիաների հիմնական պահանջը «Սասնա Ծռերի» կալանքը որպես խափանման միջոց փոխելն է՝ այսինքն կամ գրավով կամ ստորագրությամբ փոխել խափանման միջոցը.«Մենք չենք ասում` արդարացրեք նրանց և փակեք գործը, այլ ընդամենը փոխել խափանման միջոցը: Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ դատարանները, դատախազությունը, քննչական մարմինները կոռումպացված են  և արդեն նոր իշխանության օրոք բոլորս միասին պետք է օգնենք, որպեսզի ձևավորվի նոր, ազատ, անկախ, չկոռումպացված դատական համակարգ, դատախազություն, քննչական համակարգ: Բոլորս գիտակցում ենք նաև,  որ այդ պրոցեսները կարճաժամկետ պրոցեսներ չեն, այդ է պատճառը, որ պահանջում ենք, որպեսզի տղաների խափանման միջոցը փոխվի և երբ կունենանք արդարադատություն, այդ ժամանակ տղաները կկանգնեն արդար դատարանի առաջ»,- ասաց նա:

Իսկ վարչապետի դիրքորոշման մասով ավելացրեց. «Պետք է հանրային քննարկումների արդյունքում գտնել մեխանիզմներ տղաներին ազատ արձակելու համար, ասեմ, որ թե ես, թե մեր թիմը պատրաստ ենք օգնել վարչապետին՝ կազմակերպելու այդ քննարկումները»։

«Ես՝ որպես քաղաքացի և որպես «Սասնա ծռերի» համակիր, գտնում եմ՝ ճիշտ է պայքարը, պահանջն օր առաջ բաց թողնեն «Սասնա ծռերին» և բոլոր քաղբանտարկիալներին։ Պետք է իրավական ճանապարհ, պետք է ժողովուրդը ճնշում գործադրի դատարանի վրա, որ ճիշտ որոշում կայացնի, մինչ այժմ դատարանը կատարում է ՀՀԿ-ի պահանջը, այնպես պետք ա անել, որ ՀՀԿ-ից կախում չունենան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ դիրքորոշում տվեց, ես չեմ ասելու դատարանին, որ բաց թողեն, վարչապետը ճիշտ մեսիջ ուղարկեց  դատավորներին, որ արդար որոշում կայացրեք և ժողովրդին ասաց, որ  պայքարեք արդարության համար»,- ասաց ազատամարտիկ  Արա Տոնոյանը։

Խմբի մեկ այլ աջակից էլ նշեց, որ հիմնական պահանջն արդարադատությանն է ուղղված և, թեպետ, ունենք նորանշանակ  արդարադատության նախարար, այնուամենայնիվ, համակարգը մաքրման կարիք ունի. «Պետք է հեռանան Սերժիկ Սարգսյանին ծառայող բոլոր դատավոր ու դատախազները և փոխարինվեն հայ ժողովրդին արդար արդարադատություն իրականացնող կադրերով»,- ընդգծեց նա։

Ըստ աջակիցներից մեկի, այս պահին հեղափոխությունն ընթացքի մեջ է և իրենք պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը.«Մենք օգնում ենք մեր նորընտիր վարչապետին՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Տեսնում ենք Սասնա Ծռերի խափանման միջոցի փոխարինում ազատ արձակումով, որպեսզի նրանք դրսից հետևեն իրենց հանդեպ իրականացվող արդեն իսկ մաքրագործված արդարատություն իրականացվող մարմինների կողմից կայանալիք դատական նիստերին: Վարչապետ Նիկոլ փաշինյանի դիրքորոշմանն այս հարցի շուրջ դրական ակնկալիքներով եմ վերաբերվում»,- իր խոսքում ընդգծեց նրանցից մեկը։

Իսկ խմբի աջակիջներից մեկն էլ նշեց, որ պահանջը արդարացի էր, բայց մեթոդաբանության հարցում համակարծիք չէ. «Ճիշտ ա՝ առաջին օրն ինքս էլ եմ եղել փողոց փակողների թվում, բայց դա ընդամենը էմոցիոնալ պոռթկում էր ու հաջորդ օրերի անհնազանդություններին չեմ մասնակցել, որովհետև համակարծիք չէի, որ էդ միջոցով գոնե էս փուլում կարող ենք արդյունքի հասնել: Իսկ երբ Փաշինյանը խնդրեց, որպեսզի բոլոր փողոցները նորից բացվեն, շտապեցի Արշակունյաց պողոտա ու խնդրեցի, որ աջակիցները նորից բացեն փողոցը»:

«Կարևոր է շեշտել՝ այդ օրերին տարբեր սոցիալական թեմաներով, տարբեր տեղերում փողոցներ էին փակվել ու «Սասնա Ծռերի» աջակիցները միակը չէին, բայց չգիտես ինչու ու ովքեր (չնայած՝ բարդ չէ կռահել, թե ովքեր են ու ինչ տեղերից են ուղղորդվում), ինֆորմացիոն տեռոր ձեռնարկեցին միայն փողոց փակած «Սասնա Ծռերի» համակիրների դեմ՝ մեղադրելով, որ Փաշինյանի և նոր կառավարության գործունեությունն են  խոչընդոտում, սակայն նրանց մեծ մասը, այդ թվում՝ «Սասնա  Ծռերի» հարազատները շատ լավ հասկանում էին, որ պարոն Փաշինյանը որևէ լծակ չունի դատական իշխանության վրա»,- ասաց աջակիցներից մեկը:

Նա  նաև հավելեց, որ պարոն Փաշինյանը, հասկանալի պատճառներով, չի գնացել դասական հեղափոխության ճանապարհով (աշխարհաքաղաքական բևեռների  ակնարկով), այն է՝ հեղափոխության ալիքի տակ կազմալուծել բռնատիրական համակարգը, բացել ՔԿՀ-ների դռներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին, և ընտրել է հեղափոխության նախադեպը չունեցող ինչ-որ էվոլյուցիոն ճանապարհ, ուստի տրամաբանական չէ նրանից ակնկալել քաղբանտարկյալների անմիջական ազատ արձակում: Հույս ունեմ՝ հարգարժան պարոն վարչապետը, հավատարիմ մնալով իր խոստմանը, քայլեր կկատարի քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու և «Սասնա Ծռերի» - ի «թնջուկը» լուծելու ուղղությամբ: Հաշվի եմ առնում նաև իր ծանրաբեռնված գրաֆիկը»:

«Դիրքորոշումը հասկանալի է, նորմալ եմ ընդունում, ակնկալում եմ, որ քաղբանտարկյալների խնդրի լուծումը շատ չի ձգձգվի»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

Ներկայացնում ենք նաև «Սասնա Ծռերի» աջակիցներից Միքայել Մարգարյանի տեսանյութը, ով մեր հարցերին պատասխանել է վիդեո տարբերակով.

 

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից