Բարի օր Իրավական 

Մուրազին պատրաստ է հասնել մինչև ՄԻԵԴ. Իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածուի դատական հայցի հետքերով

analitik.am

Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ընտրություններին Իմ քայլը դաշինքի ցուցակով մասնակցած, սակայն ԱԺ-ում չհայտնված Մեսրոպ Պապիկյանը դատի է տվել Politik.am կայքին:

Հիշեցնենք, որ Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, սակայն պաշտոնանկ արվեց մոտ մեկ շաբաթ առաջ:

Analitik.am-ի հետ զրույցում Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին նշեց, որ պատրաստ են դատական գործընթացին, իրենց բոլոր աղբյուրները հավաստի են, և իրենք մտածելու որևե բան չունեն:

Մուրազին նաև հիշեցրեց, որ իրենց հրապարակումից ընդամենը 2 օր հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը ազատվել է պաշտոնից.«Պապիկյանն իր աշխատանքից դուրս գալը մեկնաբանում է ավագանիում ավելի արդյունավետ աշխատանքով, սակայն դրանից առաջ նա էլի ավագանի էր և աշխատում էր: Մենք տեղեկություններ ունենք, որ Նիկոլ Փաշինայնն է նրան ազատել աշխատանքից հենց մեր նյութի հավաստի լինելու պատճառով, քանի որ վերջինիս համար սկզբունքային է իր թիմակիցների քրեական աշխարհի հետ կապ չունենալը»:

Լրատվամիջոցի խմբագրի խոսքերով, իրենք պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների նկատմամբ սկսված արշավին, Մուրազին կարծում է, որ այդ հիստերիան բարձրացել է հենց Նիկոլ Փաշինյանից.«Տարին նոր էր սկսել, բայց Նիկոլ Փաշինայնը բարձրաձայնեց հայտնի խաշի պատմությունը՝ լրատվականների հանդեպ կրքեր բորբոքելով: Դրան հետևեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի առաջարկը, որ պատժվեն այն լրատվամիջոցները, որոնք իրենց ասելով տարածում են ապատեղեկատվություն: Կամ ՊՎԾ-ի աշխատակիցն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ապատեղեկատվությունը պետք է քրեականացնել և այսպիսի շատ դեպքեր»:

Նույն շարքից