Բարի օր 

Ես տեսնում եմ կոնկրետ ձևեր, մեթոդներ, թե ինչպես կարող է ԼՂՀ-ն ներգրավվել բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ինչպես կառավարության ծրագրում գրված է, մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Մեր կառավարությունը հավատարիմ է մնացել մայիսի 9-ին Ստեփանակարտում իմ հայտարարությանը: Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Մայիսի 9-ին ես Ստեփանակերտում հայտարարեցի, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ, պատրաստ եմ և պետք է բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել ԱՀ-ի անունից, որովհետև չունեմ Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ: Իհարկե պետք է ընդգծել, որ ՀՀ-ն, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորողը:

Փաշինյանի խոսքերով, բանակցային գործընթացում հայկական կողմի կարևորագույն խնդիրն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում. «Այս մոտեցումը նոր չէ և տարիների ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակությունը: Բանակցային գործընթացում  Արցախի մասնակցությունն այս ընթացքում եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Նախկինից էլ հայտնի է, որ հայկական կողմի այս պահանջին ադրբեջանական կողմը արձագանքում է հետևյալ կերպ՝ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավվի Արցախին՝ որպես բանակցային կողմ, Ադրբեջանը կներգրավվի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի: Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել ու մասնակցում է բանակցային գործընթացին: Դա տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի ընտրություններին, Ադրբեջանի քաղաքացի են, հետևաբար Ադրբեջանի նախագահը, կառավարությունը, խորհրդարանն ունեն մանդատ ներկայացնելու նաև նրանց: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանում նույնիսկ կան Ստեփանակերտի, Աղդամի ընտրատեղամասեր: Հետևաբար հարցեր են առաջանում՝ նշանակում է արդյո՞ք, որ Ադրբեջանի իշխանություններն ի սկզբանե հայտարարում են, թե լիազորություն չունեն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին բանակցային գործընթացում: Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց կառավորությունը լիազորված չէ ներկայացնել և Ադրբեջանի ղեկավարությունը խոստովանում է դա, հետևաբար հարց է ծագում՝ արդյո՞ք նրանք լիազորված են ներկայացնել ադրբեջանական հանրության մյուս հատվածներին: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և ժողովրդին, ի՞նչ մանդատով են մասնակցում բանակցություններին: Հայկական կողմը շատ պարզ է ասում, թե ով ում անունից մանդատ ունի»:

Վարչապետը նշեց, որ ինքը տեսնում է կոնկրետ ձևեր, մեթոդներ, թե ինչպես կարող է ԼՂՀ-ն ներգրավվել բանակցային գործընթացում. «Մենք հիմա այդ քննարկումների մեջ ենք»:

Նույն շարքից