Բարի օր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի Սիլվա Համբարձումյանի հետ

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ժամեր առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հատկանիշներով: 

Analitik.am-ի տեղեկություններով, այս ենթադրյալ կաշառք ստանալու դրվագը առնչություն ունի Սիլվա Համբարձումյանի հետ:

Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է նաև  Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը , ով ասել է, որ խոսքը վերաբերում է Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գաղափարին. «Որևէ հավելյալ տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել, թե ինչի հիման վրա են նման բան ենթադրել: Այդ պնդումները սուտ են, դրանց հետ համաձայն չենք»:

Օրբելյանը նաև նշել է, որ չգիտի, թե ինչի հիման վրա է մեղադրանք առաջադրվել. «Պարզ չի, թե ինչ կապ ունի Մարտի 1-ի գործի հետ, որ նույն մեղադրանքի շրջանակներում է առաջադրվել»:

Փաստաբանը  նաև ասել է, որ ինքը մեղադրանքի առաջադրմանը ներկա չի եղել, սակայն կարող է ասել, որ Քոչարյանը չի ընդունում այդ մեղադրանքը:

Հիշեցնենք, որ  Սիլվա Համբարձումյանը 2018 թվականի նոյեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ ասաց, որ 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել է և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և այլոց․․:  Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Սիլվա Համբարձումյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները  և տալ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում:

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այս պահին հրաժարվում են հավելյալ մեկնաբանություններ տալ վերոնշյալ մեղադրանքի հետ կապված: 

Նույն շարքից