Բարի օր Իրավական 

Մարալիկի դեպքով կհարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյանը մանրամասներ է հայտնում դատարանի որոշումից

analitik.am

Այսօր` մարտի 21-ին,  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց  մեր բողոքն ընդդեմ հետաքննիչ մարմնի որոշման, որով մերժվել էր Մարալիկի դեպքերով քրեական գործի հարուցումը: Այս մասին Analitik.am-ին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ Մարալիկում մի խումբ անձինք հարձակվել էին ԱդեկվաԴ-ի անդամներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի վրա:

«Դա եղել էր նոյեմբերին, մենք բողոքարկեցինք մարզի դատախազին,  սակայն դատախազը մերժեց մեր բողոքը, ուստի դեկտեբերին դիմեցինք դատարան ու նոր՝ մարտի վերջին, հասանք նրան, որ միգուցե արդարությունն այս դեպքում վերականգնվի: Հիշեցնեմ, որ մի խումբ ագրեսիվ անձինք հարձակվել էին Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի վրա՝ կապված իրենց մասնագիտական գործունեության հետ, և ոստիկանությունն այդ արարքը որոշել էր համարել իրավաչափ»,- նշեց Աթանեսյանը:

Փաստաբանը նշեց, որ դատարանը համաձայն չէ ոստիկանության դիրքորոշման հետ, ուստի  կհարուցվի քրեական գործ. «Հույս ունեմ, որ կլինի նաև 3-րդ մաս, ինչպես նաև լրագրողի գործունեությանը խոչնդոտել (164 հոդված), և անձինք կկանչվեն պատասխանատվության: Ամեն դեպքում սկիզբը դրված է, և այս գործով առաջին հաղթանակն ունենք»:

Մեր այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ դեպքը տեղի ունենալուց անմիջապես հետո քրեական գործ չէր հարուցվել, գուցե դա պայմանավորված է նրանով, որ ԱդեկվաԴ-ի տղաներն այն ժամանակ փաստաբան չունեին, Աթանեսյանը պատասխանեց. «Այն ժամանակ քրեական գործ չհարուցելու պատճառն,  իմ կարծիքով, այն էր, որ հարձակվող անձիք իրենց ցուցադրում էին՝ որպես գործող իշխանության կողմնակիցներ, չակերտավոր հեղափոխականներ, իսկ Մալյանն ու Դանիելյանը հայտնի են իշխանությունների հանդեպ  իրենց խիստ քննադատություններով: Չեմ կարծում, որ սա բարձրագույն իշխանության դիրքորոշումն է եղել, ուղղակի տեղական ինչ-որ «իշխանիկներ» որոշել էին իրենց արջի ծառայությունները մատուցեին և ցույց տալ, որ իրենք էլ «շատ լավն են»: Լավ է, որ դատարանը դրանից վեր է կանգնել և եղել է ավելի օբյեկտիվ: Ես սկսել եմ իրավական աջակցություն ցույց տալ տղաներին այն պահից, երբ ստացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Բացատրություններ տալու ժամանակ ցանկալի կլիներ, որ փաստաբան մասնակցեր, որովհետև ճիշտ ձևակերպելու նրբություններ կան, մեկ բառն ու ստորակետը հաճախ մեծ նշանակություն են ունենում: Ամեն դեպքում տղաներն օբյեկտիվորեն  ասել են այն, ինչ կար,  և հետաքննիչը պետք է ավելի լուրջ մոտենար այս հարցին»:

Աթանեսյանը նաև նշեց, որ քրեական գործ կհարուցվի 10 օր անց, եթե դատախազը չբողոքարկվի Վերաքննիչ դատարան. «Դատախազը կարող է վերաքննիչ դատարան դիմել, 10 օրվա ընթացքում կարող է անել դա, և եթե այդ ընթացքում չբողոքարկեցին, ու դատարանի որոշումը մտավ ուժի մեջ, անմիջապես պետք է քրեական գործ հարուցվի»:

Ինչ վերաբերում է նրան, թե քանի անձի կարող է մեղադրանք առաջադրվել, Աթանեսյանը նշեց, որ, ըստ տեսանյութի,  5-6 հոգու պետք է մեղադրանք առաջադրվի:

Նույն շարքից