Բարի օր Իրավական 

Նիկոլ Փաշինյանի ցուցմունքը դատարանում՝ ամբողջությամբ

analitik.am

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՀՀ վարչապետը դատարանում ցուցմունք տվեց 2017 թվականի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակներում, որի համաձայն հարձակում էր տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի անդամների վրա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճանաչում է տուժող Հայկ Սարգսյանին, վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԼՔ-ի նախընտրական շտաբի պետն է եղել, ինչ վերաբերում է ամբաստանյալ Արթուր Այվազյանին, ապա Փաշինյանը նշեց, որ անձամբ առաջին անգամ են հանդիպում, սակայն, երբ Փաշինյանը պատգամավոր է եղել,նրանից նամակներ է ստացել:

«Եթե չեմ սխալվում 2017-ի մարտի 31-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը, ես տանն էի այդ ժամանակ, դա երևի երեկոյան ժամը 22:00-ի կողմերը կլիներ, քանի որ 2 տարի է անցել , ես հնարավոր է որոշ բաներ շփոթած լինեմ, եթե ժամերի ճշտության հետ կապված խնդիր լինի, նախաքննական ցուցմունքի մեջ է պետք նայել, այնտեղ մանրամասն նշել եմ:

Ես տանն էի, ինձ զանգեց, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանն ինձ զանգահարեց և ասաց, որ մեր տղաների, ավելի շուտ Հայկ Սարգսյանենց վրա հարձակում է տեղի ունեցել: Ես փորձեցի զանգել Հայկ Սարգսյանին, ես գիտեի, որ նախընտրական շրջանի վերջին օրն է, երբ որ ես նախընտրական շտաբ մտա և տեսա, որ ահագին չբաժանած բուկլետներ կա, ես Հայկին խնդրեցի, որ կազմակերպեր, այդ վերջին ժամերն օգտագործեր և բուկլետները բաժաներ, ես գիտեի, որ նրանք այդ գործով են զբաղված և փորձեցի Հակին զանգել, ավելի ճիշտ Ալեն Սիմոնյանը երևի կոնկրետ նշեց, որ Հայկենց վրա է հարձակում տեղի ունեցել, փորձեցի Հայկին զանգել, Հայկի հեռախոսը չպատասխանեց, հետո , եթե չեմ սխալվում, էլի Ալենի միջոցով փորձեցի, ասեցի թող ինձ զանգեն, ով կա դեպքի վայրում, ինձ զանգեցին և ասացին, որ այո, միջադեպ է եղել և ես նրանց ասեցի, որ արագ այդ տարածքից հեռացեք և եկեք նախընտրական շտաբ, ինչո՞ւ էդպիսի  առաջադրանք դրեցի, որովհետև մտածում էի, որ հնարավոր է շատ ավելի մեծ մասշտաբի բան է և ցանկացա, որ մեր ժողովուրդը դուրս գա այդտեղից:

Անմիջապես հագնվեցի և գնացի նախընտրական շտաբ և այնտեղ ինձ պատմեցին, որ տեղի է ունեցել հետևյալը, իրենք , երբ շենքում են եղել, իջել են, ես շարժական նախընտրական այսպիսի շտաբ ունեի, որը ֆորդ ավտոբուս էր, հենց մոտեցա տեսա , որ նկարի վրա, իմ նկարի վրա, այսպես  ներկով, ներկ էր փչված նկարի վրա և պատմեցին ինձ, որ երբ որ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա, և երբ որ հետաքրքրվել են,թե ուր է դրոշը, և նաև նկատել են այդ ներկվածը նկարի և հարցրել են՝ ո՞ւր է դրոշը, ո՞վ ա տարել, մի քանի քաղաքացիներ են եղել այնտեղ կանգնած, և նրանցից մեկն ասել է, որ ես եմ տարել, ըստ նրանց պատմածի, ասել է, թե ինչ իրավունք ունեք այս դրոշն օգտագործեք, խոսքը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին է:

Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, մեր տղաները ետ են պահանջել դրոշը, և խոսակցություն է տեղի ունեցել, որից հետո, որի ընթացքում, այդ դրոշը տանող քաղաքցիներից մեկը կամ քաղաքացին, ենթադրում եմ, չգիտեմ նա այդ գործողության մեջ մենակ է եղել, թե չէ, հարվածել է Հայկ Սարգսյանին, բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել են, փորձել են թույլ չտալ, որ հետագա հարվածներ տեղի ունենան: Եվ այդ պրոցեսի ընթացքում այդ անձը հանել է զենքը և հենց էտ պահին ներկաներից մեկն արագ արձագանքել է, հանել է և պահել Հայկի վրա, և ներկաներից մեկն արագ արձագանքել է, և խփել է նրա ձեռքին, զենքն ընկել է: Զենքն իրենք վերցրել են և այդ միջադեպի դեպքի վայրից նրանք հեռացել են, որից հետո, երբ ես իմացել եմ, որ զենքը նաև իրենց մոտ է , ասել եմ՝ ուրեմն ասել եմ, ցույց տվեք, ինձ ցույց են տվել զենքը, ես այդ զենքը վերցրել եմ, իհարկե, առանց դիպչելու զենքին և անմիջապես ուղիղ եթեր եմ մտել Ֆեյսբուքյան:

Նախ, կարևոր է, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ ա տեղի ունեցել և ասել ենք, որ ԵԼՔ դաշինքի նախընտրական շտաբի մոտ սպասում ենք, որպեսզի ոստիկանությունը գա և արձանագրի, որից հետո անմիջապես Ֆեյսբուքյան եթեր եմ մտել իմ էջի, ցուցադրել եմ զենքը, ցուցադրել եմ,ինչ տեղի է ունեցել շարժական շտաբի հետ, որից հետո նաև պատմել եմ այն, ինչ փոխանցել են, իհարկե, էտեղ Հայկ Սարգսյանը հրաժարվեց, որ իրեն ուղիղ եթերով ցույց տանք, քանի որ իր վրա ակնհայտ վնասվածքներ կային: Զենքն էլ, երբ տեսա, որ ներսում մարտական փամփուշտներ կային, և հետագայում ես չեմ հիշում, թե զենքն ինչպես եմ ոստիկանությանը հանձնել, եթե չեմ սխալվում ոստիկանությունն այդպես էլ չեկավ, լավ չեմ հիշում ուղղակի, ոստիկանությունը ոնց որ այդպես էլ չեղավ Տերյան հասցե, և ես ինքս գնացի դեպքի վայր, հետագայում նաև Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժին: Եթե չեմ սխալվում, այնտեղ եմ զենքը հանձնել ոստիկանությանը: Էսքանն ընդհանուր առմամբ»:

Նիկոլ Փաշինյանի ցուցմունքից հետո վերջինիս հարց ուղղեց գործով դատախազը, թե ինչից է կոնկրետ տեղի ունեցել վիճաբանությունը, միայն դրո՞շն է եղել պատճառը, որին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ինչքան իրեն են հայտնել, անձը, որը վերցրել է դրոշն, ասել է, թե ինչ իրավունքով եք օգտագործում այս դրոշը՝ նշելով, որ այդ դրոշը վերցրել և տարել դրել է իր ընկերոջ գերեզմանին. «Ինձ ասեցին, որ այդ ակտիվ անձի վերաբերյալ խոսելիս օգտագործվում էր Մանախ անունը կամ մականունը»:

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նույնպես հարց տվեց Նիկոլ Փաշինյանին՝ դիմելով նրան՝ ասաց հարգելի վկա, ապա հարցրեց, թե ինչպե՞ս է Փաշինյանը տեսել և հասկացել, որ ատրճանակի մեջ եղել են մարտական փամփուշտներ, որին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Տեսեք, ուրեմն, ինքը, ռեվոլվեր ա՞ կոչվում, հա ռեվոլվեր, թմբուկավոր ատրճանակ է, իմ ուղիղ եթերը , եթե նայենք, էն ժամանակվա, երբ որ այսպես պահում ենք, փողի կողմից, երբ որ նայում ենք, էտ թմբուկի անցքերի մեջ երևում է, որ գնդակավոր փամփուշտ, այսինքն ոչ մարտական փամփուշտն այլ կերպ է լինում, նրա դիմացն, այսպես սեղմվածություններ է ունենում, իսկ սրա դիմացը գնդակը երևում էր»:

Հայկ Ալումյանը ճշտող հարց տվեց. «Այսինքն փամփուշտը երևում էր ոչ միայն ետևի կողմից, այլ նաև առջևի կողմի՞ց»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ վստահ չէ, որ ետևի կողմից ուսումնասիրել է, բայց առջևի կողմից երևում էր:

Ալումյանը հարց հնչեցրեց նաև նախաքննությունն անցկացնող քննիչի մասով՝ արդյոք Փաշինյանը գործը քննող քննիչ  Սուրեն Նավոյանի հետ , բացի այն, որ ինքը գործով անցնում էր որպես վկա, իսկ Նավոյանը քննում էր գործը, որևէ այլ հարաբերություն ունեցել է, թե ոչ առ այսօր: Փաշինյանը պատասխանեց, որ քննիչ Նավոյանի հետ, բացի այդ գործի քննության շրջանակներից, որևէ այլ հարաբերություն չի ունեցել. «Միայն հիշում եմ, որ 2018-ի իրադարձությունների ժամանակ, եթե չեմ սխալվում քննիչ Նավոյանն իրավական համակարգի այն աշխատակիցներից էր, ովքեր աջակցություն էին հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը»:

Ալումյանի այն ճշտող հարցին, թե արդյոք Փաշինյանը Նավոյանի հետ շփում ունեցել է մինչև նախաքննությունը, նախաքննության ընթացքում և դրանից հետո, Փաշինյանը պատասխանեց. «Մինչև նախաքննությունը շփում չեմ ունեցել, նախաքննության ընթացքում հարցաքննել է, նախաքննությունից հետո հնարավոր է զանգ եղած լինի, ինքն ինձ կամ ես իրեն, վստահ չեմ, էտ պետք է ստուգվի, հաջորդ շփումը եղել է հանրապետության հրապարակում, երբ ինքը եկել է, մոտեցել է, հայտնել է, կամ դիմում է գրել, կամ հայտարարություն է արել, էտ կարգի ինչ-որ մի բան»:

Դատավորն ասաց, որ Հայկ Ալումյանի հարցերը չեն առնչվում քննվող գործին, որին ի պատասխան Ալումյանն ասաց, որ այդ հարցերը տրվում են՝ պարզելու համար քննիչի անաչառությունը, քանի որ քննիչը հայտարարություն է արել այն մասին, որ միանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին, ամբաստանյալի մոտ դա հարցեր է առաջացնում՝ կապված քննիչի անաչառության հետ:

Ալումյանը նշեց, որ կասկածի տակ չդնելու համար քննիչի գործելաոճը, պետք է հստակ իմանալ, թե քննիչը հեռախոսազրույցի ընթացքում ինչ է ասել Փաշինյանին՝ նշելով, որ անգամ նախաքննությունից հետո քննիչը կարող է Փաշինյանին ասած լինի, որ վաղուց իրենց կողմից է և այլն, հետևաբար ճիշտ կլինի, որ դատավորը թույլ տա Ալումյանին տալ հարցերը և պատասխանները լսել:

Փաշինյանը միջամտեց դատավորի և Ալումյանի խոսակցությանը՝ նշելով, որ որևէ խնդիր չի տեսնում, որ պատասխանի կողմերի հարցերին, դատարանից թաքցնելու որևէ բան չունի:

Այնուհետև պատասխանեց Ալումյանի հարցին, թե ինչ է ասել իրեն քննիչ Նավոյանը, երբ միացել է քաղաքական պայքարին. «Այդ օրերին, ես դա չեմ կարող հիշել, թե դա որ օրերն էր, հանրապետության հրապարակում եղել են տասնյակ քննիչներ, ոստիկաններ, նույնիսկ չեմ բացառում դատավորներ, նույնիսկ չեմ բացառում պաշտպաններ, մեղադրյալներ, ամբաստանյալներ, դատախազներ, էնպես որ էն ամեն ինչը, որ տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում, ներկայացնել՝ որպես իմ անձի կամ մեր քաղաքական ուժի շրջանակներում ամփոփվող իրադարձություն, ուղղակի ճիշտ ընկալում չէ: Ես ուղղակի, ինչպես բազմաթիվ այլ մարդիկ, իրավապահներ և այլն, Նավոյանը կոնկրետ չեմ հիշում, ոնց որ ասեց՝ դիմում եմ գրել, թե, չգիտեմ, ինչ-որ աշխատանքից եմ դուրս եկել և այլն»:

Հայկ Ալումյանի այն հարցին, թե արդյոք տեղյակ է Փաշինյանը, որ Արթուր Այվազյանի շորերը, երբ առգրավվել է քննիչը, որևէ բան չի արձանագրել, սակայն, երբ փորձագետների մոտ են հայտնվել, հայտնաբերվել են բազմաթիվ փաշփուշտի հետքեր, որոնց հիման վրա էլ փորձագիտական եզրակացություն է տրվել, Փաշինյանը պատասխանեց, որ վստահ չէ, որ տեղյակ է այդ մանրամասներից:

Ամբաստանյալ Արթուր Այվազյանը հարց չտվեց վարչապետ և գործով որպես վկա անցնող  Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հարցեր չի տա, որպեսզի դա քաղաքական նպատակներով չօգտագործվի:

Նույն շարքից