Բարի օր Իրավական 

Քոչարյանը հանձնարարել է Լևոն Երանոսյանին՝ գնա և Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերդ հավաքի ու... Ալումյանը մեջբերում է հատվածներ ցուցմունքներից

Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցը քննող դատավարության ժամանակ վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը հրապարակեց հատվածներ ցուցմունքներից, որոնցից մինչ այս պահը տեղյակ չէին նույնիսկ իրենք: Ալումյանը նշեց, որ հայտնի  խորհրդակցության նպատակը  եղել է թույլ չտալ, որպեսզի բանակը ներգրավվեն պրոցեսների մեջ. «Ցուցարարներին է միացել փոխնախարարներից մեկը, բանակցություններ են ընթանում մյուս փոխնախարարների հետ, որ նրանք էլ միանան իրենց, և պետք է թույլ չտալ, այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, հարգելի դատարան, ցույցի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ բանակը ներգրավվեին պրոցեսների մեջ, բանակն անցկացնեին իրենց կողմը, սա էր տեղի ունենում, սա էր պետք կանխել և դժվար էր պատկերացնել այն աղետալի հետևանքները, եթե դա նրանց հաջողվեր: Այստեղ նախագահը պահանջ դրեց, որ կամ դուրս են գալիս զինված ուժերից, շարունակում են մնալ ԵԿՄ-ում, կամ դուրս են գալիս ԵԿՄ-ից և շարունակում են կատարել զինված ուժերում իրենց ունեցած պարտականությունները: Այսինքն՝ տեսեք, ցուցմունք, որի գոյության մասին մենք տեղյակ էլ չէինք մինչև վերջերս, բայց ստացվում է, որ սա հաստատում է այն ամենը, ինչը մենք դեռ հուլիս ամսից անցյալ տարվա ամեն դատական նիստի ժամանակ ասել են»:

Այնուհետև Ալումյանն ընթերցեց քննիչի հարցը Սերժ Սարգսյանին այն մասին, որ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որից հետո էլ, ըստ Արշակ Կարապետյանի ցուցմունքի, ընդունվել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում, որից հետո էլ եղել է գաղտնի 0038 հայտնի հրամանը: Քննիչը հարցնում է 2008 փետրվարի 23-ի դրությամբ ի՞նչ տեղեկություններ են եղել, որոնք հիմք են հանդիսացել օգտագործել զինված ուժերը: Նշենք, որ քննիչի հարցը հիմնված էր Արշակ Կարապետյանի ցուցմունքի վրա: Ալումյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի պատասխանը. «Ես կարծում եմ՝ Ձեր գնահատականը սխալ գնահատական է, ես չեմ հիշում Քոչարյանի նման խոսքերը, չի եղել նման բան, զինված ուժերը զորանոցային վիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ և , անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարարը, ես էլ նման կերպ կվարվեի, հրաման կստորագրեի զորքը զորանոցային վիճակի բերելու մասին, և, իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»:

Ալումյանը նաև ընթերցեք քննիչը հաջորդ հարցն այն մասին, որ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելուց հետո Սերժ Սարգսյանն է առաջարկել Երևանի կլայազորի պետ Յուրի Խաչատուրովին վարչակազմի ղեկավար նշանակել:

Այստեղ Հայկ Ալումյանը նշեց այն հնարքը, որը փորձել է կիրառել քննիչը՝ հարցը ձևակերպելով պնդման տեսքով, սակայն դա չի ազդել վկայի վրա, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նախ՝ նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել՝ արտակարգ դրություն հայատարելու մասին, երկրորդ՝ ես չեմ բացառում, որ կարող է հարցրած լինել կամ ասել, որ կայազորի պետն ունի տեղակալներ, թե ոչ: Այսինքն՝ հստակ հերքել է, որ պարոն Քոչարյանը նման բան կարող է ասած լինել՝ ամսի 23-ի ժամը 00:00-ից արտակարգ դրություն մտցնելու մասին»:

Ալումյանն ընթերցեց նաև հատված Պաշտպանության նախարարի տեղակալներից մեկի ցուցմունքից,  որով նույնպես հերքվում է Արշակ Կարապետյանի ցուցմունքը. «Մովսես Հակոբյանն էլ իր ցուցմունքով հայտնել է, որ խորհրդակցության ժամանակ քննվել է ՀՀ ՊՆ փոխանախարարներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և ասել՝ այդ ինչ նախարար ես, որ քո տեղակալների գտնվելու վայրի  մասին տեղեկություններ չունես, Քոչարյանը հանձնարարել է Լևոն Երանոսյանին՝ գնա և Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերդ հավաքի ու... Ես այդքանն եմ հիշում այդ խոսակցություններից: Ընդհանուր խոսակցության իմաստն, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր , որ ողջ զինված ուժերի անձնակազմն անձամբ իրենից լսի, թե ինչպես է պատժվելու այն զինվորականը, ով ներքաշվում է քաղաքական պրոցեսներում»:

Ալումյանը նշեց, որ այս բոլոր ցուցմունքները կային, սակայն ոչ Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավորները գիտեին այս ցուցմունքների գոյության մասին, ոչ էլ իրենք:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից