Բարի օր 

Թումոն դարձել է Եվրոպա Նոստրա 2019-ի հաղթող

2019 թվականի մայիսի 21-ին Հաագայում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն / «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ը, որի ընթացքում Թումոն հաղթող ճանաչվեց Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման անվանակարգում: Ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի ժառանգության պահպանման առաջատար ցանցի` Եվրոպա Նոստրայի և ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից:

«Թումոն հստակ պատկերացնում է կրթական գործընթացը և համակողմանի մոտեցում է ցուցաբերում` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով  խոցելի խմբերի պատանիներին ներգրավելով կրթության տարբեր ծրագրերում: Կրթական ծրագրերը նպաստում են նաև թվայնացման միջոցով նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանմանը»,- իր խոսքում ասել է ժյուրին:

«Լավ օրինակ է Սմիթսոնյան ինստիտուտի և CyArk-ի հետ միասին անցկացրած նախագիծը, որի ընթացքում մի խումբ ուսանողներ իրականացրեցին Հայաստանի ժառանգության կարևոր նմուշների` Նորավանքի և Արենիի քարանձավային համալիրի թվայնացումը»,- նշել է Եվրոպա Նոստրան:

Այս մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպությունների և անհատների: Այս տարի 16 երկրից 25 մրցանակակիր է ընտրվել: Հաղթողների թվում են «Նորվեգիայի ազգային վստահություն» ՀԿ-ն, որը արդեն 175 տարի է զբաղվում է Նորվեգիայում ժառանգության պահպանմամբ, Թուրինի Սբ. Պատանքի մատուռի վերականգնման նախաձեռնությունը, գնչուների մշակույթի և պատմության թվային արխիվի զարգացման նախաձեռնությունը և այլն: Հատուկ մրցանակի են արժանացել Փարիզի հրշեջները, որոնք ապրիլի 15-ին կարողացել են ոչնչացումից փրկել Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառույցն ու ներսում գտնվող նմուշները:

«Ես չափազանց հպարտ եմ Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն/ «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի բոլոր հաղթողներին շնորհավորելու համար: Ժառանգության պահպանման այս հերոսները` պրոֆեսիոնալներն ու կամավորները ամբողջ Եվրոպայից, իրապես անգնահատելի աշխատանք են կատարել»,- ասել է օպերային աշխարհահռչակ երգիչ և Եվրոպա Նոստրայի նախագահ Պլաչիդո Դոմինգոն:

Հաղթողները պարգևատրվելու են հոկտեմբերի 29-ին Փարիզում տեղի ունենալիք Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից