Բարի օր Իրավական 

Քոչարյանի դեմ կայացված յուրաքանչյուր վճիռ այսուհետ կլինի ոչ լեգիտիմ. Հայկ Ալումյան

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ ներկայացրեց այն ամենն , ինչ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո. «Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանին արձակելուն` ՀՀ վարչապետը, իսկ այնուհետև ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորներն ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիորեն մասնակցեցին այդպիսի ճնշումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների ելք ու մուտքերը, և դա իրականացավ, ՀՀ դատարանների բոլոր նստավայրերը փակվեցին, և այդ օրը մինչև 13:30 որևէ դատավոր չէր կարող իր մասնագիտական պարտականություններն իրականացնել»:

Ալումյանը նշեց, որ սա պարզ մեսիջ էր Վերաքննիչ դատարանին, ինչպես նաև ապագայում Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե իրենցից որևէ մեկը երբևէ համարձակվի Քոչարյանի մասով կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնությունը կազմող ուժի համար հաճելի չլինի. «Սա ուղղակի բիրտ ճնշում էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանության մյուս ճյուղի նկատմամբ: Սա աննախադեպ երևույթ էր, և այս երևույթն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած հետագայում կայացվելիք դատական ակտը, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ: Այսինքն՝ ցանկացած դատական ակտ, որը կլինի այս երևույթից հետո, կլինի ոչ լեգիտիմ »:

Նույն շարքից