Բարի օր Իրավական 

Բնակարանից գողացել են շուրջ 31.015.000 դրամ արժողությամբ գույքը, 30.000.000 դրամ արժողության ժամացույց

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը.  մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ  նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի բնակարաններից մեկը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 31.015.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, 30.000.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ հնաոճ պատի ժամացույց, նկարներ և հեռուստացույց՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1991թ:

Քննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, 2019թ. հունվարի 10-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող սպասարկման սրահ և հափշտակել «Սամսունգ Ջ7» մոդելի բջջային հեռախոս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից