Բարի օր Իրավական 

Նիկոլ Փաշինյանը 650 հազար դրամ է պահանջում Ռոբերտ Քոչարյանից

analitik.am

Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը: Դատարանի որոշումը հրապարակվելու է հունիսի 24-ին:

Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Դրանից հետո դատարանն անդրադարձավ դատական ծախսերի բաշխման հարցին։

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ խորհրդակցել է իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և պնդում են, որ դատարանը դատական ակտում անդրադառնա նաև փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին և հոգուտ պատասխանողի՝ հայցվորից բռնագանձի 650.000 դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։

Գումարի չափը հայցվոր կողմի համար ողջամիտ չէ։

Ավելի վաղ Ալումյանը հայտարարել էր՝ հայցից հրաժարվում են, քանի որ իրենց բավարարում է Փաշինյանի պատասխանը, որ հայտնի խոսքերը չեն վերաբերում երկրորդ նախագահին:

Հավելենք, որ խոսքը վերաբերում է Փաշինյանի հետևյալ հայտարարությանը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

 

Նույն շարքից