Բարի օր Իրավական 

Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը չի ուզո՞ւմ վճարել տուգանքը. Ձկնաբուծարանները չեն վճարել 325.4 մլն դրամ բնօգտագործման վճար

analitik.am

Հայաստանում գործող շուրջ 178 ձկնաբուծարանների 28-ում կատարված դիտարկման արդյունքում, Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ ձկնաբուծարանները 104.5 մլն մ3-ի փոխարեն 88.4 մլն մ3-ով ավելի ջուր են օգտագործել և չեն վճարվել 325.4 մլն դրամ բնօգտագործման վճար:

Հաշվեքննիչ պալատը նաև պարզել էր, որ Ջրային օրենսգրքի երկրորդային ջրօգտագործման խթանման նորմերը չեն կիրառվում՝ արդյունքում 28 ձկնաբուծարանների կողմից 185 մլն մ3 ջուր Արաքս գետով հոսում է երկրից դուրս: Ջրօգտագործման թույլտվության տրամադրման օրենքով սահմանված ժամկետը 50 օր է, ևս 15 օր նախատեսված է փաստաթղթերի տրամադրման համար: Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների գործակալությունում առկա են 260 անավարտ հայտեր, այդ թվում 2014թ-ի ընդունվածներ: Միայն թույլտվության ստացման 93 հայտերից 68-ի պարագայում ժամկետները խախտված են: Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարումը իրականացվում է մասնակի և թերություններով:

Ի դեպ, «Մխչյան ֆիշը» հայց է ներկայացրել դատարան՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ՝ 27.12.2018թ. 111 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջով, ըստ որի, «Մխչյան ֆիշը» առանց ջրի թույլտվության ջուր է օգտագործել և պետք է վճարի 650 մլն դրամ, սակայն «Մխչյան ֆիշը» հայց է ներկայացրել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ`ակտը վերացնելու համար:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, «Մխչյան ֆիշը» պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն գրանցված է վերջինիս վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի (Գոքոր) եղբոր՝ Ամբիկ Գևորգյանի անունով:

Ընկերությունը 2017-18թթ առանց ջրի թույլտվության ջուր է օգտագործել, որին սեփականատերը պատասխանել էր, որ դիմել էր Շրջակա միջավայրի Ջրային ռեսուրսների գործակալությունը`ջրի թույլտվության երկարացման համար, սակայն դիմումը չէր ստորագրվել, որն էլ պատճառ էր դարձել առանց թույլտվության ջրի օգտագործման համար: Թե ինչ է իրականում տեղի ունեցել`կպարզի դատարանը, իսկ մինչ այդ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից պարզ է, որ 185 մլն մ3 դուրս է հոսում երկրից դուրս և սա միայն 28 ձկնաբուծարանների կտրվածքով, իսկ եթե ստուգվի բոլոր 178 ձկնաբուծարաններից դուրս հոսող ջո՞ւրը: Արդյունքում պարզ կլինի, թե ինչո՞ւ Արարատյան դաշտում ոռոգման խնդրի պատճառով կրճատվել են մշակովի հողատարածքները. տարբեր հաշվարկներով մինչև 80 տոկոս, իսկ Արտեզյան ավազանի ջուրը նվազել`պատճառ դառնալով տարածքի անապատացման երևույթների խորացման և հողի որակական փոփոխությունների`բացասական իմաստով:

Նշենք, որ «Մխչյան ֆիշ» ընկերության ներկայացրած հայցով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 16:00-ին:

Արդեն մի քանի տարի է, որ հետազոտությունը պարզել է, որ մոտ 25-30 տոկոս ջրի պահանջարկն ավելացել է Արարատյան դաշտում, որի հիմնական մեղավորը ձկնաբուծարաններն են և նրանց կողմից անխնա օգտագործվող ջուրը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության, 3 ձկնաբուծական տնտեսությունների կողմից ծախսված ջրի ծավալները այժմ հնարավոր է ստուգել  իրական ժամանակում, սակայն սա կաթիլ է օվկիանոսում:

Նույն շարքից