Հեղափոխության հիմնական նպատակներից մեկն էր ունենալ անկախ դատական համակարգ։ Միշտ էլ մտայնություն է եղել, որ դատական համակարգն իրականացրել է գործադիր իշխանության պատվերը։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ նոր իշխանություններին ևս պետք են կամակատար դատավորներ։ Այդ մասին է վկայում նաև դատարանները մեկ օրով շրջափակելու ակցիան։
«Դատարանները պետք է անկախ լինեն, անկախ նրանից, թե իշխանությունները կամ հասարակությունը որքանով են ուզում տեսնել տվյալ անձին անազատության մեջ»,- ասաց Սիմոնյանը։
Այն, որ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, ըստ փաստաբանի՝ միանշանակ է․ «Կան դատավորներ, որ իրավունք չունեն անգամ այդ պատմուճանը հագնել և դատարան մտնել, բայց նախկինում էլ են եղել դատավորներ, ովքեր անկախ են գործել»։
Սիմոնյանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործով դատապարտվածներին, որոնցից երկուսի փաստաբանն է եղել․«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Մարտի 1-ի գործով անցնողները դեռևս արդարացված չեն»։ Ըստ Սիմոնյանի՝ վերջիններիս մեղադրանքը պետք է բեկանվի։
«Դատարանը պետք է լինի արդարադատ, անկախ նրանից, թե ինչ նյութեր է ներկայացնում դատախազությունը»,- ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ դատավորներն աներկբա չեն ընդունի դատախազության ներկայացրած մեղադրանքը և դատավճիռ կայացնելիս կառաջնորդվեն օրենքով և խղճի մտոք:
Ռուզաննա Ղազարյան