Կառավարության վերջին նիստին գործադիրն օրենք ընդունեց, որը վերաբերում է, այսպես կոչված, օրենքով գողերին: Նախագիծը դեռ պետք է գնա Ազգային ժողով, իսկ այնտեղից՝ նախագահական, որից հետո միայն կմտնի ուժի մեջ, իսկ արդեն դրանից հետո օրենքով գողերը, քրեական հեղինակությունները, ավտարիտետները ընտրության առաջ կկանգնեն՝ լքե՞լ Հայաստանը, թե գնալ բանտ:
Այն, որ քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ անել Հայաստանից ու՝ առհասարակ, չի քննարկում որևէ մեկը, բոլորն են դրան կողմ, թերևս բացի այդ ենթամշակույթը կրողները կամ դրա հետ առնչություն ունեցողները: Սակայն որևէ բանի դեմ պայքարում պետք է ուշադիր լինել մեթոդներն ընտրելիս, քանի որ նպատակը ոչ միշտ է արդարացնում միջոցները:
Այս դեպքում ժողովրդի վարչապետը և նրա կառավարությունը կարծես թե այդքան էլ արդար չեն (եթե կարելի է այդպես ասել) քրեական հեղինակությունների և մասնավորապես օրենքով գողերի նկատմամբ: Վարչապետ Փաշինյանը և նրա թիմակիցները ոչ մեկ անգամ են հայտարարել, որ իշխանությունը ՀՀ բոլոր քաղաքացիների իշխանությունն է, այդ թվում նաև հանցագործների, պոտենցիալ հանցագործների, բոլոր բոլորի՝ օրենքով գողերի, քրեական հեղինակությունների, ավտարիտետների: Չմոռանանք նաև վարչապետի խոսքերը, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա:
Մի՞թե այս դեպքում արդար մոտեցում կա «օրենքով գող վարչապետերի» նկատմամբ, թե ուղղակի հետևում ենք մասնավորապես Ռուսաստանի օրինակին, որտեղ նույնն օրենքն ընդունվեց ամիսներ առաջ: Իսկ միգուցե ստիպե՞լ են:
Մի կողմ դնենք այն, որ դեռ պետք է մեխանիզմ գտնել մարդուն օրենքով օրենքով գող, քրեական հեղինակություն, ավտարիտետ որակելու համար: Այստեղ հարցը նաև այն է, որ մարդուն դատելու են առանց հանցագործություն գործելու: Պատկերացրեք դիցուք օրենքով գող, ով կոչումը ստացել է 90-ականներին, զբաղվել է տարբեր հանցագործություններով, դատվել է, ազատ արձակվել, նորից հանցագործություն գործել, դատվել, ազատ արձակվել, իսկ վերջին 10 տարում ուղղակի ապրում է օրինապաշտ քաղաքացու նման՝ պահպանելով օրենքով գողի կոչումը, որից ինքնակամ հրաժարվելու եզակի դեպքեր կան, իհարկե եթե կան: Ի՞նչ պետք է անի այդ մարդը հիմա, գնա՞ Հայաստանից, ընտանիքի հե՞տ, միայնա՞կ: Ընտրության շատ հնարավորություն չկա՝ բանտ կամ հեռանալ:
Որևէ մեկը չի ասում, որ այդ մարդիկ սուրբ են: Եթե հանցագոծություն կա, պետք է լինի պատիժ՝ անկախ նրանից, թե ով է հանցագործը:
Մեջբերենք վերոնշյալ նիստից մի հատված.
«Վարչապետ Փաշինյանի խոսքերով, կարող է հարց առաջանալ, թե ինչու է պատիժ սահմանվում օրենքով գողի, կամ քրեական հեղինակության համար. «Հարցը ունի կոնկրետ պատասխան: Այդ կարգավիճակը պրակտիկայում նշանակում է, որ այդ մարդը պրոֆեսիոնալ ձևով զբաղված է հանցագործություններ կազմակերպելով: Դա աշխատանք է: Բերեմ ցայտուն օրինակ: Ենթադրենք ինչ-որ մեկը քաղաքացիական կյանքում ուզում է ինչ-որ մեկին թալանել: Նա գնում դիմում է նման կարգավիճակ ունեցող մարդու ու վերջինիս միջոցով կազմակերպվում է ամեն ինչ»»:
Չեմ կարծում թե վարչապետն օդում հայտարարություններ անող է: Եթե կոնկրետ օրինակներ կան, շատ հեշտությամբ կարելի է արդեն գործող օրենքներով բանտ ուղարկել մարդկանց: Իսկ եթե հավատանք վարչապետի խոսքերին, ապա հանցագործություն կազմակերպելով հեղինակությունները զբաղվում են ամեն օր, ամեն վայրկյան: Հետևաբար ավելի հեշտ կլինի նրանց իրենց տուն ուղարկելը (նույն Փաշինյանի խոսքերով, բանտն օրենքով գողերի տունն է):
Իշխանությունը բոլորի իշխանություն է, բոլորի մասին պետք է հոգ տանի, այդ թվում նաև ՀՀ քաղաքացի օրենքով գողերի, հեղինակությունների:
Մնացականյան Արթուր