Գլխավոր Քաղաքականություն 

Ինչպե՞ս տանել դոշակի տակի փողը. կառավարությունը քննարկել է բանկային գաղտնիքի նրբությունները

analitik.am

Այսօր կառավարությունում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

«Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ՝ ոչ: Կիսապայքարն ընդունելի չէ»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ այս ընթացքում ունեցել են դեպք, երբ իմացել են, որ X բարձրաստիճան պաշտոնյան, կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, գույքը ֆորմալ այլ մարդու անունով է, ում մասով իրավական պրիտենզիա չկա, իմացել են, որ գույքը վաճառվելու է, գումարը դուրս է բերվելու. «Սակայն օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ են եղել, որ մենք ստիպված պետք է լինեինք կամ կոպիտ ապօրինի միջամտության գնալ, կամ էլ լուռ հետևել, թե ինչպես են թալանվածը թաքցնում: Մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու: Պետք է ստեղծենք այնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որպեսզի որևէ կասկած չլինի մեր մտադրությունների վերաբերյալ»:

Ըստ վարչապետի, ներկայացված է ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը, որը ոչ թե կատարվում է ոտքի վրա, ափալ-թափալ, այլ մեկ տարի շարունակ քննարկվել է և նման որոշում է  կայացվել և հարցը պետք է լուծվի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ բերված օրինակով վաճառքն իրականացվել է անկանխիկ բանկային եղանակով բացահայտվում է ինչ-որ ձևով, իսկ եթե կանխիկ եղանակով, ապա ինստիտուցիոնալ ի՞նչ լուծում է տրվում:

Վարչապետը միջամտել է, թե պարզ բացահայտում կա. պետավտոտեսչությունը կանգնեցնում է ֆուռը, որն այդ փողը տեղափոխում է և այդպես բացահայտվում է։

«Այո,  շատ լուրջ բան եք ասում, հակառակ դեպքում, մենք ասում ենք բանկային եղանակով մի արեք, այլ կանխիկ արեք, որը սակայն ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր է, ու ավելի քիչ բացահայտելի»,-ասել է փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը լրացրել է, թե պետք է ճանապարհային ոստիկանությանը հակակոռուպցիոն գործառույթներ տալ, որը կստուգի բեռնատարները:

Իսկ Մհեր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ պետք չէ գնալ ծայրահեղությունների՝ կմնանք առանց փող. «Ինստիտուցիոնալ լուծումներն ասիմետրիա չառաջացնելու համար է և մենք ինքներս մղում ենք մի գործարքների տեսակի, որը հետո ավելի է  բարդացնելու անելիքները: Հետագայում եթե սանկցիայով հնարավոր է այդ տեղեկությունը ստանալ՝ այլևս հնարավոր չի լինի»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հումոր է արել, սակայն գումարը ֆիզիկապես բանկից պետք է դուրս բերել, այդ գումարը քիչ հավանական է, որ բազմոցի մեջ պահած է. «Եթե բազմոցի մեջ պահած է, դա շատ հեշտ է, խուզարկությամբ կարելի է գնալ-գտնել: Խուզարկության իմաստն այն է, որ գնաս հայտնաբերես գույքը, մենք ունենք խուզարկության ինստիտուտ, որ այստեղ է և ունենք բանկային գաղտնիք, որ այստեղ է (վարաչպետը ձեռքերով ցույց է տվել վերև ներքև): Մենք օրենքով իրավասու ենք գնալ և դոշակի տակ պահած փողը գտնել, համարժեք իրավասություն ունենք նաև հաշվեհամարին պահած գումարը գտնել, և նաև փոխանցումը, այսինքն փոխացնել է, թե՝ ոչ: Եթե մեկը պատշգամբից թռնում է, փողը տանում է, մենք իրավունք ունենք պատշգամբի տակ ունենալ օպերաշխատող, որն այդ պահին իրեն կբռնի: Դա է օպերատիվ աշխատանքը»:

Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ այս ընթացակարգով մշակվում է մի ալգորիթմ, որի դեպքում հնարավոր է  բանկային գաղտնիքը ստանալ ոչ կասկածյալի և ոչ մեղադրյալի դեպքում․ «Եթե ոչ կասկածյալ է, ոչ մեղադրյալ է, մենք կարո՞ղ ենք տունը խուզարկել, ու տեսնել  այդ գումարը կա կանխիկ, ես կասկածում եմ»,-ասել է փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզաբանելու համար:

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ փոխվարչապետի մտահոգությունները նախագծի հետ կապված անտեղի են, քանի որ նախկինում կարողացել են և վաղն էլ կկարողանան, օրենքը չի գալիս իրենց ուղղորդելու:

Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքին՝ գլխավոր դատախազը շեշտել է, որ  խուզարկության դատավարական նմանատիպ գործողությունների համար սուբյեկտային սահմանափակում երբեք չեն ունեցել:

Այնուհետև բանկային գաղտնիքի վերաբերյալ իրենց կարծիքիներն են արտահայտել Կենտրոնական բանկի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը:

Ի վերոջ երկար քննարկումներից հետո որոշումն ընդունվեց:

Վարչապետը նշել է, որ զգույշ կլինեն՝ մեջբերելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մտահոգությունը, սակայն «շատերը մեզ մեղադրում են որ չափից շատ ենք զգույշ», ասել է նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից