Բարի օր Իրավական 

Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկը

analitik.am

Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերի որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ ու աննախադեպ ճնշումների ներքո: Դատարանը գործիք է դարձրել Քոչարյանի նկատմամբ քաղաքական ճնշումների համար: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` հավելելով, որ ճնշումներն արդեն ակնհայտ են:

Ալումյանը նշեց, որ գործադիրը դատավորին զրկել է սեփական կամքից. «Այստեղ դատարան բովանդակային առումով գոյություն չունի: Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունիքց` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Բացի դրանից, հայտարարում եմ, որ դատարանի նկատմամբ հերթական ճնշումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ: Ես ձեզ չեմ անվանում վնգստացող դատավոր։ Այդ հանգամանքը հաստատել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մենք պատրաստվում ենք միջնորդել, որպեսզի դուք ինքնաբացարկ հայտնեք: Այսօր ես նամակով դիմել եմ Վարդազարյանին, որպեսզի նա տրամադրի վնգստացող դատավորների ցուցակը: Մինչ այդ ուզում եմ իմանալ, հարգելի դատավոր, Դուք անձամբ կա՞ք դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում»:

Երբ դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ դա վիրավորական է, Ալումյանն ասաց, որ կրկնում է վարչապետի ու Վարդազարյանի խոսքերը. «Դուք այն ժամանակ չեք վիրավորվել: Հիմա մենք ուզում ենք ճշտել` Դուք կա՞ք, այդ ցուցակում, թե չէ: Կարող ա Ձեր մասին էլ են ասում դա»:

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Նույն շարքից