Իրավական տեսակետից ես տեսնում եմ շատ խոցելի, անհիմն մեղադրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը հիշեցրեց, որ հաղորդումը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Կհիշեք, որ այն հիմնականում վերաբերում է Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությունները դադարում են: Պնդում կար, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուց հետո շարունակել է պաշտոնավարել որպես պատգամավոր: Այդ մասով որևէ մեղադրանք չի առաջադրվել: Կարելի է իրավական առումով պնդել, որ այդ մասով կա արդարացում»:
Հարցին՝ արդյո՞ք այդ մասով արդարացումը կարող է տարածվել մյուսների վրա, Վարդևանյանը նշեց, որ չի կարող ասել:
Թե որոնք կլինեն հաջորդ զարգացումները, Վարդևանյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ միայն նշելով, որ հետաքրքիր իրադարձություններ կլինեն. «Ոչ թե նոր զարգացումներ եմ սպասում, այլ պաշտպանական գործողությունների տեսանկյունից հետաքրքիր գործողություններ կլինեն: Ես դա խոստանում եմ»: