Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Իշխանությունը կարծես սկսում է քաղաքացիներին բացահայտ շահագործել. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Իշխանությունը կարծես սկսում է քաղաքացիներին բացահայտ շահագործել:

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որպեսզի քաղաքացիները սկսեն հետևել ՀԴՄ կտրոնների տրամադրմանը՝ նշելով, որ պետք է հասնել նրան, որ այլևս հարկային տեսուչների կարիք չլինի։ Փաշինյանը նաև օրինակ բերեց, որ կան երկրներ, որտեղ քաղաքացիական պարտքը չկատարելու համար տուգանվում են։

Մինչև քաղաքացիական պարտքին անցնելը, նախ հասկանանք պետության ներքին գործառույթները, որոնք են տնտեսական, սոցիալական, իրավական, բնապահպանական։ Պետությունը պետք է ապահովի այս ոլորտների անխափան աշխատանքը, կայուն զարգացումը և խախտումների վերահսկողությունը։ Բացի վերոնշյալը, պետությունն ունի նաև պարտականություն զբաղվել մշակութա-դաստիարակչական գործունեությամբ, կայունացնել հասարակության տարբեր շերտերի միջև հարաբերությունները, թույլ չտալ սոցիալական բախումներ, թշնամանք, ապահովել միասնության և փոխհամաձայնության մթնոլորտ։

Պետության այս գործառույթների իրականացման համար էլ գոյություն ունի իշխանություն,որի պարտքն է անել վերոնշյալը։

Հիմա անցնենք քաղաքացիական պարտքին, որն, ի դեպ, սահմանվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով։

Ես չեմ հիշում, որ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիներին վերապահված լինի հարկային տեսուչի գործը կատարելու պարտականություն, եթե կա, հուշեք։ Իմ պատկերացմամբ, երբ իշխանությունը փորձում է իր պարտականությունները դնել քաղաքացիների վրա, դա ոչ թե ժողովրդավարության դրսևորում է, այլ հակառակը՝ քաղաքացիների շահագործում՝ իր պարտականությունները թոթափելու համար։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ քո պարտականությունները, որի համար աշխատավարձ ես ստանում, դնել այն մարդկանց ուսերին, ովքեր քեզ աշխատավարձ են տալիս դա անելու համար։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդպես էլ չի կարողանում իրեն նույնականացնել պետության հետ, և հենց այդ պատճառով էլ չի կարողանում լինել իշխանություն, որը պարտավոր է պետության գործառույթներն իրագործել՝ օրինակ հասարակության շերտերի միջև միասնություն և համաձայնություն ապահովել, այլ ոչ թե թշնամանք սերմանել և այսպես շարունակ։

Ինչ վերաբերում է այլ երկրներին՝ քաղաքացիների ակտիվ ներգրավածություն պետության գործառույթների իրագործման մեջ կա այնպիսի երկրներում, որտեղ վաղուց պետական բոլոր ինստիտուտները կայացած և ամրացած են։ Այս դեպքում քաղաքացիների վճարած հարկերն ուղղվում են պետության առջև դրված ավելի բարդ նպատակների իրագործմանն, իսկ քաղաքացիներն էլ իրենց հերթին սիրով իրենց վրա կարող են վերցնել պետության գործառույթների ինչ-որ մաս։

Նախքան այլ երկրների փորձի մասին այստեղից-այնտեղից լսած խոսակցություններին հղում անելն էլ, վատ չէր լինի մի փոքր ուսումնասիրել և հասկանալ, որ այլ երկրների փորձը ոչ միշտ՝ ավելին, գրեթե երբեք չի կարող Հայաստանի համար ակտուալ լինել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։

 

Նույն շարքից