Վերլուծական Հասարակություն Տնտեսություն 

Ինչու՞ Հայաստանում բամբակ չաճեց, և ի՞նչ ճակատագիր ունեցավ դրա համար բացված ձեռնարկությունը

Եթե այսօր ՀՀ Կառավարությունը արտոնություններ տա այն գյուղացիներին, ովքեր պատրաստ են բամբակ մշակել և չունեն ոռոգման ջրի էական խնդիր, վատ չի լինի: Ունենալով տեղական բամբակ մենք կարող ենք տրիկոտաժի արտադրությունը զարգացնել: Analitik.am-ի հետ զրույցում Հայաստանում բամբակ աճեցնելու և դրա արտադրությունը զարգացնելու վերաբերյալ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:


«Խորհրդային ժամանակ, երբ մենք բամբակ էինք աճեցնում և մշակում, հասկացանք, որ դա շատ ծանր աշխատանք է: Քանի որ Խորհրդային միությունը պլանային համակարգով էր աշխատում, Հայաստանում էլ էր բամբակ արտադրվում, Բամբակաշատ գյուղ ունենք: Շատ աշխատատար էր, շատ ջուր և խնամք պահանջող: Հետո Հայաստանի ղեկավարները Խորհրդային միության կենտրոնական ղեկավարներին կարողացան համոզել, որ մենք ավելի լավ է բամբակի փոխարեն, ասենք, խաղող արտադրենք, դա ավելի արդյունավետ է և օգտակար: Բամբակը մեզ բնորոշ կուլտուրա չէ, այն ավելի միջինասիական է: Այսպես, բամբակը հանվեց արտադրությունից: Բայց եթե այսօր Կառավարությունը արտոնություններ տա այն գյուղատնտեսներին, ովքեր պատրաստ են բամբակ մշակել և որոնց հողերի համար ջուրը շատ է, վատ չի լինի: Բայց սրա համար կառավարությունը հատուկ ծրագիր պետք է մշակի»,- կարծում է Վ. Սաֆարյանը:


Նա օրինակ բերեց շաքարավազի գործարանը: Հիմա մենք ունենք շաքարավազի գործարան («Լուս Աստղ շուգր»` Ախուրյանի շաքարի գործարան), բայց դրա հումք հանդիսացող ճակնդեղ արտադրելը, հայ գյուղացուն ձեռնտու չէ: Դրա վեգետացիոն շրջանը 180 օր է՝ ավելի քան կարտոֆիլինը: Ու այն պետք է ջրել առնվազն 6 անգամ, իսկ կարտոֆիլը՝ 5 անգամ: 5 անգամ ջրված կարտոֆիլն այսօր վաճառվում է մոտ 250 դրամ, իսկ ճակնդեղը՝ 30 դրամով: Բնականաբար, այս դեպքում գյուղացին կնախընտրի կարտոֆիլ ցանել, մշակել ու վաճառել, քան ճակնդեղ: Նույնն էլ բամբակի դեպքում է: Բայց, ըստ Վ. Սաֆարյանի, այնուամենայնիվ, մեզ համար շատ կարևոր է տեղական բամբակ ունենալը:


«Դա մեր կախվածությունն է վերացնում աշխարհից: Եվ եթե դու կարողանաս քո տրիկոտաժով ապահովել տեղական շուկան, դա շատ դրական կազդի տնտեսության վրա: Բայց մեր գյուղացին այսօր նման հոգնատանջ աշխատանք չի կատարի և դրա դիմաց կոպեկներ ստանա: Այս դեպքում պետք է պետությունն աջակցի և այն համարի տնտեսության գերակա ուղղություն, տրամադրի ֆինանս ու տեխնիկա: Այլապես բամբակի գինը Հայաստանում շատ բարձր կլինի, քան, օրինակ, եթե ներմուծենք Ուզբեկստանից: Հիմա մենք այս երկրից բամբակ չենք ներմուծում, այլ՝ միանգամից թելը»,- նշեց Վ. Սաֆարյանը՝ չհամաձայնելով այն տեսակետին, թե Հայաստանի կլիմայական պայմանները չեն համապատասխանում բամբակի աճեցմանը:


Հիշենք, որ դեռևս երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը փորձ արեց զարգացնել Հայաստանում բամբակի արտադրության և վերամշակման ճյուղը: Ստեղծվեց բամբակի վերամշակման կոմբինատ` «Արաքնե» արտադրական ձեռնարկությունը: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում շուրջ 18 հեկտար բամբակ ցանվեց, բայց սպասելիքները չարդարացան: Հեկտարից ստացվել էր 2.3 տոննա բամբակ: Սովորաբար ընդհանուր ցանքի 80-90 տոկոս բամբակը բացվում է, իսկ մնացածը՝ ոչ: Բայց Մրգաշատում կատարվեց ճիշտ հակառակը՝ բացվեց ընդամենը 10-20 տոկոսը:


Analitik.am-ը «Արաքնե»-ի տնօրեն Աշոտ Երանոսյանից հետաքրքրվեց ձեռնարկության ճակատագրով: Պարզվում է՝ ձեռնարկությունն այսօր գործում է, բայց սուղ միջոցներով: «Տեղում բամբակ աճեցնելը տնտեսապես անարդյունավետ է, և իզուր չէր, որ ժամանակին մեր Կենտկոմի ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ Հայաստանում բամբակ չաճեցվի: Մեր վերջին փորձը ցույց տվեց, որ դա շատ աշխատատար է և թանկ: Մեր կազմակերպությունը, մեծ վնասներ կրելով, դադարեց բամբակի աճեցումը»,- տեղեկացրեց Ա. Երանոսյանը:


Ըստ նրա՝ «Արաքնե»-ն այսօր գործում է, բայց սուղ միջոցներով: Վերամշակվում է այդ տարիներին հավաքված բամբակը՝ վերածվում բժշկական բամբակի, մինչև որ այն վերջանա, և ձեռնարկությունը սկսի բամբակ ներմուծել: «Նայթեքս» ՓԲԸ վերանվանված Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի գործընկերները ևս մի քանի տարի Արարատյան դաշտավայրում բամբակ են ցանել: Բայց նրանց փորձը ևս էական արդյունքներ չի արձանագրել: Շիրակի մարզում այսօր տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններ կան, որոնք բամբակը ներկրում են, ինչը բավականին թանկ է ստացվում:


Չնայած այս հանգամանքին, փաստացի, փորձը ցույց է տվել, որ «սպիտակ ոսկու հանքերը» Հայաստանի և հայ գյուղացու համար այնքան եկամտաբեր չեն: Նախ գյուղացին դա պետք է անի որևէ այլ մշակաբույսի հաշվին, այսինքն՝ գյուղացին պետք է համոզվի, որ բամբակ աճեցնելն իր համար ավելի եկամտաբեր է, քան, օրինակ, խաղողը: Բամբակը պահանջում է հատուկ խնամք, սնուցում և առատ ջուր: Այն խիստ պահանջկոտ է խոնավության և ջերմության նկատմամբ: Իսկ Հայաստանում ոռոգման ջրի խնդիր կա, հետևաբար՝ բամբակ աճեցնելիս հայ գյուղացին ջրի հարցում ավելի շատ խնդիրներ կունենա, քան պտուղ-բանջարեղենի դեպքում:


Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում մեծ քանակությամբ բամբակ էր արտադրվում: Այն օգտագործվում էր ներքին տեքստիլ արտադրությունում և արտահանվում էր Միջին Ասիայի երկրներ: Բայց 1960-ականներից դրանց փոխարինեցին ծիրանի և խաղողի այգիները։ Մարալիկի ֆաբրիկան այս պայմաններում շարունակեց և շարունակում է աշխատել միջինասիական բամբակով: Հայաստանը ներմուծում է ինչպես բժշկական, այնպես էլ՝ կենցաղում օգտագործելու համար նախատեսված բամբակ:


ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թվականին Հայաստան է ներմուծվել 1862.6 տոննա բամբակ: Ներմուծողների թվում են «Առգո-Ֆարմ» «Սար-Ջի», «Լևադենտ», «Պարտնյոր» և այլ ընկերություններ:


Իսկ նախորդ տարվա տվյալները դեռևս հայտնի չեն:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից