Քաղաքական Միջազգային Վերլուծական 

Իսլամիստ ծայրահեղականների խալիֆայության տարածման սպառնալիքն ու ծանր հետևանքները

Աշխարհի առաջատար լրատվական միջոցների ուշադրությունը մոտ երկու ամիս է, ինչ սևեռված է սիրիական Քոբանի քաղաքի համար քրդերի և իսլամիստ ծայրահեղականների միջև մղվող ռազմական բախումներին: Քրդական զինված ջոկատները Սիրիայի ու Իրաքի հյուսիսային շրջաններում դժվարությամբ են դիմագրավում Իսլամական պետության զինյալներին: Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ ծայրահեղականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում են գտնվում սիրիական նավթահորերը, և վերջիններս ցածր գներով վաճառելով նավթը՝ ստանում են հսկայական եկամուտ՝ ապահովելով ռազմական գործողությունների շարունակականությունն ու իրենց կենսունակությունը:

 

Միջազգային կառույցների տարբեր տվյալներով Լևանտի զինյալներն օրական ստանում են 1-2 միլիոն դոլար շահույթ, բացի այդ ահաբեկիչներին իրենց աջակցությունն են ցուցադրում Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Քաթարը: Նման հզոր ուժի դեմ պայքարելու գործում Արևմուտքը քրդերին տրամադրում է զինտեխնիկա և ռմբակոծում է իսլամիստների դիրքերը: Սակայն, այս ամենը բավարար չէ, որպեսզի գլխովին կարողանան ջախջախել Իսլամական պետության զինյալներին: Ահաբեկչական խմբավորումները հիշեցնում են հեքիաթներում հանդիպող բազմագլխանի հրեշին, որի գլուխը գլխատելիս տեղում աճում է երկուսը: Արդեն երեք տարի է ինչ Սիրիայի կառավարական ուժերը պայքար են մղում իսլամական սուննի ուղղության սալաֆիական խմբավորումների դեմ՝ Ջաբհա ան Նուսրա, Ջեյշ ալ Իսլամ, Ալ Քաիդա, մարտերի ընթացքում շոշափելի կորուստներ կրած ահաբեկչական ջոկատները,  համալրում ստանալով,  կազմավորում են նոր ստորաբաժանումներ կամ առանձնանում են նախկիններից և էլ ավելի կատաղությամբ մարտնչում կառավարական ուժերի դեմ:

 

 Այսպես՝ Ջաբհա ան Նուսրա ճակատից անջատված ջոկատները ձևավորեցին ԻԳԻԼ-ի կազմավորումն ու կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել Իրաքի և Սիրիայի կենտրոնական շրջանները: Շնորհիվ նոր տեխնոլոգիաների, հատկապես համացանցի, իսլամիստական խմբավորումները կարողանում են ամենուրեք տարածել սեփական քարոզչությունն ու գաղափարախոսությունը, որի արդյունքում բազմաթիվ երկրներից հազարավոր կամավորներ համալրում են ահաբեկիչներին և իսլամի դրոշի ներքո մարտնչում անհավատների դեմ: Իսլամիստ ծայրահեղականները ստեղծել են արդյունավետ ցանցային համակարգ և ռազմական ու ահաբեկչական գործողություններ են ծավալում Աֆղանստանում, Պակիստանում, Յեմենում, Եգիպտոսում, Լիբիայում և այլ աֆրիկյան երկրներում: Ահաբեկիչների՝ տարբեր երկրներում սկզբնական բջիջների ձևավորմանն ակտիվորեն մասնակցում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հատուկ ծառայությունները:

 

Եթե Լիբիայում գրոհայիններին ուղղորդում են Անկարայից, ապա Սաուդյան Արաբիայի հատուկ մարմիններն աշխատում են Դաղստանի ուղղությամբ, իսկ Քաթարինը՝ Չեչնիայի: Այսպես՝ Սոչիում օլիմպիական խաղերից առաջ Վոլգոգրադի կայարանում իրականացվեց կամիկաձեի կողմից հզոր պայթյուն, իսկ անցած ամիս Գրոզնիում տեղի ունեցավ նոր ահաբեկչություն: Նման պայմաններում, երբ իսլամական ծայրահեղականությունը ընդլայնում է իր սահմանները, արևմտյան երկրները ժամանակին չեն կարողանում ձեռնարկել ադեկվատ, հակազդող քայլեր, որը կկասեցնի ահաբեկիչների ընդլայնման գործընթացը: Այս չարիքը արմատախիլ անելու փոխարեն Արևմուտքը հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում մահմեդական ծայրահեղ հոգևորականների նկատմամբ, որոնք զինյալներ են հավաքագրում և ուղարկում Սիրիա, ինչպես նաև կոչ են անում արևմտյան աշխարհիկ կարգերի փոխարեն հաստատել շարիաթի օրենքները: Նման տենդենցները բողոքի ալիք են առաջացնում եվրոպացիների մոտ, պարարտ հող ստեղծելով աջ ծայրահեղական խմբավորումների թվաքանակի աճին, որոնք փորձում են կոշտ միջոցներով պայքարել իսլամիստների դեմ: Այս ամենն Եվրոպային ոչ մի լավ բան չի հուշում, եթե իշխանությունները կտրուկ քայլերի չդիմեն, ապա վիճակը կարող է դառնալ անվերահսկելի և մոտակա ապագայում սալաֆիական ու վահաբական գաղափարախոսության հետևորդները քաղաքակիրթ Եվրոպային կսկսեն թելադրել իրենց կամքը:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից