Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկմանը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երկու խնդիրի անդրադարձավ արդյո՞ք ՀՀ-ն կարող է իր անվտանգությունը դիվերսիֆիկացնել՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, ինչի անհրաժեշտությունը, ըստ նրա, պետք է՝ միակողմանի կախվածություններից խուսափելու համար, և թե ինչպես են ՆԱՏՕ-ն և ՀՀ-ն դիտարկում իրենց հարաբերությունները:
«Ընդհանուր առմամբ, անգամ ՆԱՏՕ անդամ երկրները, Արևմուտքը պաշտոնյաների և փորձագետների շուրթերով երբեք չեն դադարում կրկնել, որ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, ով գտնվելով անվտանգության միանգամայն այլ կառույցում՝ ՀԱՊԿ-ում, ունի բավական դինամիկ զարգացող հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, որը նույնպես կոլեկտիվ անվտանգության համակարգ է»,-ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը նման իրավիճակը պարադոքս է համարում, և նշում, որ մինչև հիմա այդ հարցը չըմբռնված է: Նա նկատեց, թե որքան էլ խոսենք այլ անվտանգության համակարգին մաս կազմելու մասին և ինտեգրացիոն գործընթացներում ՀՀ-ի հնարավորություններից, այդուհանդերձ, ՀՀ-ն ունի այդ ազատության հնարավորությունը՝ մերձենալու ՆԱՏՕ-ի հետ:
Ռուս–վրացական պատերազմից հետո զարգացման դինամիկան, ըստ նրա, որոշակի խնդիրներ առաջացրեց, սակայն Հայաստանը ճկուն քաղաքականության արդյունքում կարողացավ հաղթահարել փորձությունը:
Քաղաքագետը ենթադրեց, որ Ղրիմի հարցով ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, որը ՆԱՏՕ-ն քննդաատում է, կարող է, թերևս, խնդիր առաջացնել, բայց ընդհանուր քաղաքական տեսլականի առումով ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների լրջագույն մտահոգիչ հանգամանքներ չկան: