Քաղաքական Վերլուծական 

Մայիսի 12-ի զինադադար. Ինչո՞ւ է Ադրբեջանը հաճախ խախտում այն ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում

Մայիսի 12-ին կլրանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրի քսանամյակը: Այս համաձայնագրի համաձայն Արցախը ձեռք բերեց փաստացի անկախություն, խաղաղ և բնականոն զարգացման հնարավորություն: Սակայն հաստատված զինադադարը չվերածվեց լիակատար խաղաղության: Բաքուն հաճախակի դիմում է սադրիչ գործողությունների՝ կրակելով և դիվերսիոն գործողություններ իրականացնելով հայկական սահմանամերձ շրջաններում: Հատկանշական է, որ հաճախ ադրբեջանական թիրախ է դառնում ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղը, այլ ՀՀ-ի հյուսիս-արևելյան շրջանը: Ռազմական գործողություններ ծավալելով ադրբեջանական սահմանագոտում՝ Բաքուն միջազգային հանրությանը փորձում է ապացուցել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն է, որտեղ Երևանն ըստ իրենց զավթել է ադրբեջանական տարածքներ:

 


Տավուշի մարզում դիվերսիոն գործողություններ ծավալելով Ալիևը բոլորովին այլ նպատակն է հետապնդում: Հարցն այն է, որ Ադրբեջանին վտանգ է սպառնում ոչ թե Արցախից, այլ Տավուշից՝ մարզի մոտակայքով են անցնում Բաքվի համար խիստ կարևոր ճանապարհային և էներգակիրների տարանցիկ կոմունիկացիաները՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Ադրբեջանին Վրաստանի հետ կապող միակ երկաթգիծը, որի շարունակությունն է դառնալու Կարս- Ախալքալաք-Թբիլիսի կառուցվող երկաթուղին: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում վերոնշյալ կոմունիկացիները կարող են ոչ միայն ավերվել, այլ հայտնվել հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, որը մահացու հարված կլինի Բաքվի համար: Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում դիվերսիոն գործողությունների միջոցով Բաքուն հասկացնում է Արևմուտքին, որ սառեցված հակամարտությունն իր մեջ սպառնալիք է պարունակում ոչ միայն մարտնչող կողմերի, այլ նաև տարածաշրջանային կոմունիակցիոն ծրագրերի համար, որտեղ Արևմուտքը հսկայական գումարներ է ներդրել: Չի բացառվում, որ Ալիևը ներքուստ ցանկանում է, որ հայկական կողմը Տավուշում դիմի ակտիվ գործողությունների՝ հարվածի տակ դնելով ադրբեջանական ենթակառուցվածքները:

 


Ալիևն այս կերպ փորձում է Արևմուտքին հասկացնել, որ այն պետք է ստիպի Երևանին գնալ զիջումների Ղարաբաղի հարցում: Պատահական չէ, որ զինված հարձակումները Տավուշում տեղի են ունենում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջան այցելելու նախօրեին, ինչի վառ օրինակն էր Հիլարի Քլինթոնի այցը:

 


Ալիևը մշտապես Երևանին ներկայացնում է որպես Հարավային Կովկասի խաղաղ գոյատևման և բնականոն զարգացման հիմնական սպառնալիք: Սակայն հայկական կողմի համարժեք պատասխանները, որոնք ուղղված են միայն ադրբեջանական զինուժի դեմ, զրկում են Ալիևին իրականացնել իր նպատակները: Կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ զինված ընդհարումների ակտիվացումը Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում կարող է առիթ հանդիսանալ Թուրքիայի համար, որը կփորձի ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Թուրքիային է պատկանում Բաքու-Ջեյհան նավթամուղի 5%-ը , և նա կարող է իր սեփականության պաշտպանության պատրվակով ստորաբաժանումներ ուղարկել Ադրբեջան: Նման կերպ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է ձեռք բերել միջազգային բնույթ, ինչն էլ կուժեղացնի Թուրքիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում:



Այսպիսով Ալիևի քաղաքական շանտաժը կարող է սառեցված հակամարտությունը վերածել թեժ և զինված հակամարտության, որտեղ ներքաշված կլինեն ոչ միայն Թուրքիան, այլ նաև որոշ չափով Արևմուտքը և Ռուսաստանը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը ձգտում է չեզոքացնել Ալիևի արկածախնդրային քաղաքականության վտանգավոր հետևանքներն իրեն հատուկ «հայտարարությունների և կոչերի»  քաղաքականության միջոցով:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից