Analitik.am-ը շարունակում է հետևել Կ. Կարապետյանն (Յուվեցի Կարո) ըննդեմ Ա. Զադոյանի դատական գործի զարգացումներին և այդ թեմայով ներկայացնում ենք Ա. Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի հետ հարցազրույցը:
- Տիկին Սարգսյան, նախկին դատական նիստերի ժամանակ Դուք ներկայացրիք երեք բացարկի միջնորդություն`նախագահող դատավորին, մեղադրող դատախազին և տուժողի ներկայացուցչին, այնուհետև բողոքներ և միջնորդություններ հղեցիք ՀՀ գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Ի՞նչ փուլում են այդ բողոքները և ի՞նչ հետագա քայլեր եք նախատեսում:
- Դատարանում կատարված միջնորդությունները, ինչպեսև կանխատեսում էինք, մերժվեցին, իսկ կապված բողոքների հետ` վարույթն իրականացնող ՀՔԾ-ը քննիչ Վ. Մուրադյանի նկատմամբ այս պահին արդեն Հ.Հ. Քր.Օր 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արդեն իսկ ունենք հարուցված քրեական գործ: Ինչ վերաբերվում է 14.10.2014-ին դատական նիստի ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների և հանցագործության մասին հաղորդումների մասով գլխավոր դատախազին հղված դիմումին, ապա 06.11.2014-ին ստացել ենք պատասխան, որով որ մեզ հայտնել են. «… ՀՔԾ նախկին քննիչ Ա. Երեմյանի կողմից կաշառք ստանալու Կ. Կարապետյանի կողմից արված հայտարարության, ինչպես նաև Կ. Կարապետյանի և Օ. Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ վերջիններիս և ամբաստանյալ Ա. Զադոյանի կողմից միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու վերաբերյալ մեղադրող դատախազ Կ. Բիշարյանը զեկուցագրով հայտնել է Գլխավոր Դատախազին, և զեկուցագիրը ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»:
Ինչպես նաև նշել է, որ իմ դիմումում նշված Կ. Կարապետյանի և Օ. Հովհաննիսյանի կողմից կատարված մնացած հայտարարությունները իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում:
- Այսինքն ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դատական նիստի ընթացքում հնչեցված այլ հայտարարությունների մեջ հանցակազմ չի՞ տեսել:
- Ինձ թվում է, որ դիմումիս պատասխան գրող Է. Արամյանը այն ուշադիր չի կարդացել, տեսաերիզը ընդհանրապես չի զննել: Մասնավորապես, համադրելով դիմումումս նշված փաստերը, որպես ապացույց ներկայացված տեսաերիզը և Է. Արամյանի պատասխանը, ակամայից գալիս եմ այն մտքին, որ ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածները ապաքրեականացվել են, որի մասին Է. Արամյանը տեղյակ է, սակայն հանրությունը՝ դեռ ոչ:
Գործի փաստական հանգամանքներից, դատաքննության տեսաերիզից հստակ երևում է, որ վկա Օ. Հովհաննիսյանը, չունենալով զենք կրելու իրավունք, կրել է այն և օգտագործել այն, ինքը դա չի հերքում, ավելին իմ հարցին` «Կարո՞ղ ենք ֆիքսել, որ Դուք ապօրինի զենք եք կրել և օգտագործել այն», վերջինս դատական նիստի դահլիճում հպարտորեն պատասխանեց՝ «ԱՅՈ, ՖԻՔՍՈՒՄ ԵՔ, ՖԻՔՍԵՔ»:
Հետևյալ հանգամանքները առավել քան բավարար են Օ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու համար: Իսկ եթե սույն հոդվածը, Է. Արամյանի կարծիքով, ապաքրեականացվել է, ապա ելնելով Օրենքի առաջ բոլորի հավասարության և միատեսակ կիրառման սկզբունքից՝ դատախազությունը պետք է հրաժարվի Ա. Զադոյանին նույն ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից: Նամանավանդ, որ Ա. Զադոյանի զենք կրելու հանգամանքը չի հիմնավորվում, ոչ փորձաքննության եզրակացությամբ, ոչ դեպքի հանգամանքներով, ոչ էլ այդպես էլ չկատարած փորձարարությամբ, քանի որ մանուկն անգամ կհասկանա, որ մոտ 900 գր. կշռող ատրճանակը, նույնիսկ հեքիաթում չի կարող մնալ անձի գուլպայի մեջ: Իսկ Օ. Հովհաննիսյանի դեպքում, վերջինս ընդունում է իր կողմից ապօրինի զենք կրելու և օգտագործելու հանգամանքը:
Դատախազությունը սպանության սպառնալիք տալու համար մեղադրանք է առաջադրել Ա. Զադոյանին՝ հիմք ընդունելով, որ իբրև թե Ա. Զադոյանը Կ. Կարապետյանին վիճաբանության ժամանակ ասել է՝ «ցեղդ կվերացնեմ»: Բաց թողնենք այն հանգամանքը (ծիծաղում է), որ նախաքննության կողմից չի ճշտվել, թե Կ. Կարապետյանի ցեղից ում է նկատի ունեցել Ա. Զադոյանը` կոնկրետ անձի, թե՞ ամբողջ ցեղին, և կոնկրետ ու՞ մ և ինչպե՞ ս է պատրաստվել վերացնել: Այս դեպքում անգամ Ա. Զադոյանին առաջադրված մեղադրանքը թերի է, որովհետև եթե մի պահ պատկերացնենք, որ Ա. Զադոյանը իսկապես նման արտահայտություն է արել, ապա նրան պետք է առաջադրվեր մեղադրանք՝ մեկից ավելի անձանց մահվան սպառնալիք տալու համար, կոնկրետ մեր դեպքում Կ. Կարապետյանի ցեղին, եթե իհարկե վերացնելը և սպանելը ունեն, ըստ դատախազության, նույն քրեաիրավական բնութագիրը: Օրինակի համար նշեմ, ես պատրաստվում եմ իմ նախկին ծանոթներից մի քանիսին վերացնել իմ կյանքից՝ նրանց հեռախոսահամարները սև ցուցակ գցելու միջոցով: Արդեն չգիտեմ, թե այս պարագայում դա ինչ քրեաիրավական գնահատականի կարժանանա:
Կ. Կարապետյանը դատական նիստի ժամանակ հստակ նշեց, որ կարգադրել է Օ.Հովհանիսյանին «գլխից խփել, սատկացնել» Ա. Զադոյանին, սակայն վերջինս վախեցել է, չի կատարել իր հրամանը, որից հետո ինքը վերցրել է Օ. Հովհաննիսյանից զենքը և կրակել Ա. Զադոյանի ուղղությամբ: Ինչպես նաև ափսոսանք հայտնեց, որ վրիպել է, չի կպել Ա. Զադոյանի սրտին կամ գլխին և չի սատկացրել վերջինիս»: Այն որ Կ. Կարապետյանի կողմից, Ա. Զադոյանի սպանության հրահանգը Օ. Հովհաննիսյանին եղել է, ի սկզբանե ապացուցել է հենց նախաքննությունը՝ ֆիքսելով, որ ավտոմեքենան կանգնելուց հետո Օ. Հովհանիսյանը ավտոմեքենայից արդեն իսկ իջել է զենքը ձեռքին, մինչդեռ այն որ Ա. Զադոյանի մոտ կարող է զենք լիներ, ըստ իրենց ցուցմունքների՝ իմացել են միայն ավտոմեքենայից իջնելուց հետո:
Նորից վերադառնալով նախկին ասածիս՝ գտնում եմ, որ եթե ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածը ըստ Է. Արամյանի ապաքրեականացվել է, քանի որ վերջինս այս դրվագում նույնպես հանցակազմ չի տեսնում, ապա ինչպե՞ս կարելի է ապաքրեականացված հոդվածի բնութագիր ունեցող սպառնալիք տալու համար անձին մեղադրանք առաջադրել: Այսինքն, ելնելով Օրենքի առաջ բոլորի հավասարության և միատեսակ կիրառման սկզբունքից, դատախազությունը պետք է հրաժարվի Ա. Զադոյանին նույն ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից նույնպես:
- Ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ ունեք սույն գործից, կհասնե՞ք Ձեր պատկերացրած արդարությանը:
- Գիտե՞ք՝ հույսը միշտ վերջինն է մահանում, և հետո արդյունքի միշտ հասնում է նա, ով պայքարում է, դե մենք էլ պայքարում ենք… (ծիծաղում է):
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ այս երկիրը յուվեցի երկիր է…
Հարցազրույցը՝ Ա. Սարգսյանի