Ընդամենը մի քանի օր է մնացել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուն, որը, գործնականում, նոր էջ կբացի մեր երկրի նորագույն պատմության մեջ: Այն, որ առաջիկայում սպասվող իրադարձությունը իր կարևորությամբ վերջին տասնամյակների ամենաուշագրավ քաղաքական իրադարձությունն է, ոչ մեկի մոտ, կարծես,առանձնապես կասկածի տեղիք չի տալիս: Սակայն այս ամենին զուգահեռ ծագում է մի տրամաբանական հարց՝ պատրա՞ստ է արդյոք մեր երկիրը այս դարակազմիկ իրադարձությանն ընդհանրապես, կամ կարո՞ղ ենք մենք`որպես ժողովուրդ ու պետություն, մրցունակ լինել նորաստեղծ այս աշխարհաքաղաքական միությունում, որն իրենից, ըստ էության, ներկայացնում է նաև տնտեսական միություն, կորզել այդտեղից մերը`հետամուտ լինելով նախ և առաջ ազգային շահերի պաշտպանությանը:
Ըստ մի շարք փորձագիտական գնահատականների` Հայաստանն այսօր ԵՏՄ է գնում նույնքան հանպատրաստից, որքան նախկինում էր: Ստեղծված իրավիճակը անաչառորեն վերլուծելու պարագայում անխուսափելիորեն հանգում ես այն դառը մտքին, որ եթե իշխանությունները շարունակեն իրենց դրսևորել նույն կերպ, ինչ նախկինում էր, ապա Հայաստանի՝ առանց այն էլ քայքայված տնտեսությունը շարունակելու է անշեղորեն անկում ապրել: Իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար բավական է մեջբերել մի քանի վիճակագրական ցուցանիշներ, որոնք վկայում են նույն ԵՏՄ անդամ երկրների տնտեսություններում տեղ գտած անառողջ գործընթացների մասին: Այսպես. համաձայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության`ակնկալվում է, որ երկրի ՀՆԱ-ն 2015-ի ընթացքում կկրճատվի 0,8%-ով, քանի որ Արևմուտքը շարունակում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ , և սա էլ այն դեպքում, երբ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը, ըստ համապատասխան կանխատեսումների, կաճի մինչև $ 130 մլրդ՝ համեմատած նախորդ կանխատեսումների, որոնք կազմում էին $ 100 մլրդ՝ ըստ կառավարության և $ 90 մլրդ՝ ըստ Կենտրոնական բանկի:
Ավելին` արժեզրկվող ռուբլին, որը տարվա սկզբից դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի ավելի քան մեկ երրորդը, մեկ այլ լուրջ գլխացավանք է դարձել Ռուսաստանի` ԵՏՄ գործընկերների համար. Կենտրոնական Ասիայում, օրինակ, Ղազախստանը և Ղրղզստանը կանգնած են տնտեսական աճի նվազեցման հեռանկարի առջև: Ղազախստանի տնտեսությունը 2014 թ.-ին գրանցել է ընդամենը 4 տոկոս աճ այն բանից հետո, երբ անցած տարի այդ ցուցանիշը կազմում էր 6 տոկոս: Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա մասնագետները նվազ հավանական են համարում, որ այս տարի այն կգրանցի ավելի քան 3 տոկոսանոց աճ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտներում գրանցած խիստ անբավարար արդյունքների պատճառով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, իրոք, խոսքերն ավելորդ են. բավական է մտաբերել օրերս դոլարի փոխարժեքի հետ կապված խնդիրների արդյունքում Հայստանում տիրող խուճապն ու խառնաշփոթը, երբ խանութներում որոշ ապրանքատեսակների գները ոչ միայն հասել էին իրենց պատմական մաքսիմումին, այլև, առհասարակ, խանութների տաղավարներից անհետացել էին որոշ ապրանքատեսակներ՝ հիշեցնելով մեզ դաժան 90-ականները:
Ակնհայտ է,որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը իր հետ բերելու է ոչ միայն առավելություններ, այլև մի շարք մարտահրավերներ. ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում,օրինակ,հայաստանյան գործարար միջավայրում կամ արդյոք հայաստանյան իշխանությունները արե՞լ են իրենցից կախված ամեն բան, որպեսզի հայրենի ձեռներեցներն ու արտադրողները արագորեն կարողանան ընտելանալ նորաստեղծ միությունում գործող խաղի կանոններին ու ընդունակ լինեն իրենց արտադրանքը առավելագույն բարենպաստ պայմաններով արտահանել ԵՏՄ անդամ երկրների շուկա:Այն, որ նման բացատրական աշխատանքներ տանելու համար մենք ունեինք բավականին ժամանակ, կարծում ենք, պարզ է բոլորին: Բայց արի ու տես,որ,ինչպես միշտ, մենք թերանում ենք նույնիսկ կոսմետիկ բնույթի քայլերի մեջ,ու թեպետ նման ծրագրերի նպատակով պետական բյուջեից համապատասխան հատկացումներ, այնուամենայնիվ, կատարվել են,սակայն դրանց գործածության արդյունավետությունը խիստ ցածր է մնում,իսկ մի մասն էլ պարզապես փոշիանում է, քանի որ դուրս է մնում պետական վերահսկողությունից: Ինչպես գիտենք, դեկտեմբերի սկզբներին՝ 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանն ընդառաջ, Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ քննարկումներ էին անցկացվել գործարարների հետ, որոնց ընթացքում ներկայացվել էր եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Կարծում ենք՝ սույն նախաձեռնությունը մի փոքր ուշացած է,քանի որ ավելի ճիշտ կլիներ՝ այդ նախապատրաստական աշխատանքները կատարվեին ավելի վաղ,ինչը մեր գործարարներին,որոնց էլ, մեծ հաշվով, վերաբերում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալը, թույլ կտար ժամանակ շահել՝ սեփական բիզնես հաշվարկները կատարելու շատ ավելի հանգիստ մթնոլորտում ու շտապողականություն չդրսևորել. առանց այն էլ Հայաստանում ստեղծված խիստ անբարենպաստ բիզնես միջավայրը, չնայած ամեն րոպե հնչող հավաստիացումներին, թե պետությունը անում է ամեն բան՝ ոլորտում տիրող իրավիճակը բարելավելու համար, նվազ հնարավորություններ է թողնում բարիք արարող մարդուն՝ սեփական հայրենիքում ինքնադրսևորվելու համար…:
Անշուշտ, թեման այս բավականին ծավալուն է ու տարողունակ,սակայն առայժմ փորձենք բավարարվել այսքանով: Այսպիսով՝ այլևս ակնառու է որ, ներկայիս կառավարությունը վերջնականապես սպառել է իրեն. Նման տրամաբանական եզրահանգման ես գալիս մանավանդ այն դեպքում,երբ անաչառորեն վերլուծում ես երկրում հատկապես վերջին շրջանում ծավալվող գործընթացներն ու տիրող իրավիճակը: Նոր կռավարության ձևավորումը հետզհետե դառնում է ժամանակի հրամայական,ինչը թույլ կտա ապագայում հնարավորինս բացառել այն սուբյեկտիվ բացասական գոծոնները, որոնք կարող են էականորեն խաթարել Հայաստանյան տնտեսության ապագա վերականգնումը, որի համար ԵՏՄ տնտեսական միջավայրն ու այդ միության կողմից ընձեռնված յուրօրինակ հնարավորությունները կարող են,իրոք,փրկօղակ հանդիսանալ մեր երկրի համար:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ