Հայաստանի էներգաարտադրության երկու երրորդը հիմնված է միջուկային և հիդրոէներգիայի վրա, ըստ որի, նաև քչանում է Հայաստանում մեկ շնչին ընկնող ջերմոցային գազերի արտանետումները: Արտանետումների մասով Հայաստանն առանձնապես պարտավորություններ չունի, եթե ոլորտի առաջատարները «պատասխանատվություններ» չհորինեն: Իսկ ինչո՞ւ: Չէ որ վերականգնվող կամ այլընտրանքային էներգետիկայի համար զգալի գումարներ են ներդրվել Հայաստանում, աշխարհում աճում է այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչների բիզնեսով զբաղվողների քանակը, և այն իրացնել է պետք: Իսկ ջերմոցային գազերի կրճատումն այլընտրանքային էներգետիկայի անվան տակ հրաշալի միջոց է բիզնեսի համար:
Կա նաև հաջորդ հատվածը. Հայաստանը գազ է ներկրում Ռուսաստանից և երկիրը գրեթե գազաֆիկացված է ամբողջովին, այլընտրանքային էներգետիկայում ներդրումներով Արևմուտքը փորձ է անում անկախացնել Հայաստանի էներգետիկան և այն կախման մեջ չդնել Ռուսաստանի գազից, որն, ի դեպ, 2020 թ-ի հունվարի մեկից, տեղեկությունների համաձայն, թանկանալու է:
Այս պաարգայում ոչ թե այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակը Հայաստանում բարի է, այլ պարզապես ՌԴ-ի էներգետիկ կախվածությունից Հայաստանին հանելն է:
Հայաստանում չի աշխատում ծանր արդյունաբերությունը, մետալուրգիան, ի վերջո՝ Նաիրիտը, այնպես որ արտանետող էլ չկա, իսկ թե Հայաստանում ջերմոցային գազերի ինչը պետք է կրճատել՝ զարգացնելով այլընտրանքային էներգետիկան, անհասկանալի է:
Երևանը, Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը և Վանաձորը մինչև 2020 թվականը 20 % կրճատելու են արատնետվող գազերի ծավալը, ներդրումներ են կատարվելու էներգաարդյունավետության բնագավառում: Ի դեպ, տեղյակ ենք, որ նշված քաղաքներում ժամանակին աշխատող քիմգործարանները և ծանր մետալուրգիան չի գործում, և արտանետումների մասին կարող էին այս քաղաքները երազել, քանի որ դա նշանակում է աշխատատեղեր, դա նշանակում է արտագաղթի կանխում, սակայն ներդրումներ են արվում, և իհարկե, ոչ աշխատատեղեր ստեղծելու, այլ էներգաարդյունավետության անհասկանալի ոլորտում և ոչ մի բանի համար:
Ի դեպ, երբ խոսվում էր որպես այլընտրանքային, մաքուր էներգիա փոքր ՀԷԿ-երի համակարգը զարգացնելու մասին, նշվում էր նույնպես էներգետիկ անկախությունը, նաև էլէներգիայի սակագնի նվազումը, սակայն վերջին տարիների Փոքր ՀԷԿ-երի բարգավաճմանը զուգահեռ բարձրացել է էլէներգիայի սակագինը. ոչ անկախ է դարձել հայրենի էներգետիկան, ոչ էլ սակագինն է նվազել՝ հակառակը:
Եվ իհարկե հիմնական թիրախում ատոմակայանն է, որը թե՛ էներգետիկ անկախություն է, թե՛ կայուն էլէներգիայի ստացում է երկրի համար, իսկ որոշ արևմտյան երկրների համար՝ քաղաքականություն:
Ընդհանրապես, այլընտրանքային կամ վերականգնվող էներգետիկայի՝ արևային, քամու, գեոթերմալ և այլնի մասին խոսելիս, մոռանում են նշել այս էներգետիկ աղբյուրների բացասական ազդեցության մասին, այլ ներկայացվում է միայն դրական կողմերը:
Արևային էներգետիկ կայանի համար պետք է փոխվի հողի կատեգորիան, որը ենթադրում է մշակվող հողատարածքների և վարելահողերի հողի կատեգորիայի փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի արևային կայան կառուցել, որն ի դեպ, տասնյակ կմ-ով չորացնում և անապատացնում է բարեբեր հողը:
Բիովառելիքային էներգետիկայի վնասն այն է, որ գյուղոլորոտի մարդիկ մշակում են վառելիքային տեսակներ, ոչ թե մշակաբույսեր:
Ինչ վերաբերում է քամու էներգետիկային, նշենք, որ Հայաստանում ամենաբարձր կետերում էլ բնակչություն կա, որտեղ հնարավոր է քամուց էներգիա ստանալ, և եթե այդ վայրերում կառուցել հողմակայաններ, ապա նախ բարձր աղմուկը, օդի, հողի ռեսուրսների փոփոխությունը և բնակավայրերից ոչ շատ հեռու, «ապահովված է»: Մեկ օրինակ նշենք. Մեծ Մասրիկում կառուցվում է խոշոր արևային կայան, որի համար տրամադրվել է արդեն 130 հա տարածք, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մեջ նշվում է, որ
• Կայանի և ՕԳ շինարարական աշխատանքների ընթացքում կենդանական և բուսական աշխարհի վրա ազդեցությունն անխուսափելի է:
• Կառուցվելու են նոր ճանապարհներ, որի արդյունքում բուսականությունը և որոշ կենդանիների բնակավայրեր կվնասվեն:
• Քանի որ տարածքն ունի հողի հզոր բերրի շերտ, շինարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ կլինի կտրել և շինհրապարակից, ավտոկայանատեղից հեռացնել հողի բերրի շերտը և պահեստավորել, որի հետևանքով այն որոշ չափով կարող է կորցնել բնորոշ հատկությունները:
• Կառաջանան փոքր քանակությամբ շինարարական թափոններ:
Հիշեցնենք, որ Analitik.am-ի հետ զրույցում Մեծ Մասրիկի գյուղապետը համոզում էր, որ 130 հա-ը չոր և աղակալված արոտավայրեր են, իսկ ՇՄԱԳ-ում նշվում է՝ «տարածքն ունի հողի հզոր բերրի շերտ»:
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, ակնհյատ է, որ գյուղապետին ստիպել են ասել, որ արքան հագուստ ունի, և սա դեռ վերակագնվող էներգետիկայի սկիզբն է:
Գոհար Ստեփանյան