Վրացագետ Ալիկ Էրոյանցը վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում լուրջ առաջընթաց է արձանագրում մի շարք ուղղություններով:
«Վրաստանում 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության եկած ուժերը փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել իրենց հարևանների հետ` այդ թվում Ռուսաստանի Դաշնության: Վրաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կնքումից հետո Հայաստանում կարծիքներ էին շրջանառվում, որ դա կարող է լուրջ հարված հասցնել հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, ինչը ժամանակի ընթացքում ինքնըստինքյան հերքվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հուլիսի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք է հայտնել նա:
Անդրադառնալով վերջերս Թբիլիսիում Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում վրացական և ադրբեջանական թիմերի խաղի ընթացքում երկրպագուների միջև տեղի ունեցած բախումներին (հանդիպման ժամանակ տեսախցիկները «որսացել» էին «Մենք հիշում ենք Զաքաթալան և Կախին. 1921» բովանդակությամբ մի պաստառ)` վրացագետն ասաց. «Երկու երկրների միջև առկա են տարածքային վեճեր` սահմանային Դավիթ Գարեջայի վանքային համալիրի ու Զաքաթալայի և Կախիի շրջանների հետ կապված: Արբեջանցիները և վրացիները համարում են, որ այդ վանքային համալիրը պատմականորեն իրենց սեփականությունն է, ինչը լուրջ տարաձայնություններ է առաջացնում երկու երկրների հարաբերություններում, քանի որ տարածքային զիջումների գնալը հեշտ գործընթաց չէ»:
Բանախոսը նկատել է նաև, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ջավախահայության նկատմամբ այլևս չեն գործադրում այն ճնշումները, ինչը սովորական երևույթ էր նախորդ վարչակարգի օրոք:
«Վրաստանի իշխանությունները մի շարք ծրագրեր են իրականացնում հեռավոր շրջաններում`այդ թվում Ջավախքում, ինչը ողջունելի փաստ է: Բացի այդ`Ջավախքի դպրոցներում հայերենի հետագա դասավանդման հարցում որոշակի դրական փոփոխությունները կան, ինչին նպաստել են նաև վերջին մեկ տարում կայացած հայ-վրացական բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումները»,-շեշտել է Ալիկ Էրոյանցը: