Որպեսզի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գյուղատնտեսությունը ոռոգման խնդիր չունենա, պետք է կամ բարձր լեռնային հատվածներում ջուրը դարձնել սառույց ու պահել կամ ծածկել ձյան շերտերը և դրանք բացել միայն սակավաջրության ամիսներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը։
«Աշխարհի ամենակարևոր խնդիրներից առաջինը ջուրն է, որի գինը շատ դեպքերում ավելի թանկ է, քան նավթի գինը։ Ջրի մատակարարման մեջ գոյություն ունի սեզոնայնություն, օրինակ՝ գարնան վարարումների ժամանակ ջրի պաշարների հիմնական մասը անիմաստ կորում է և հետո ոռոգման համար անհրաժեշտ չափով ջուր չի լինում։ Դրա համար անհրաժեշտ է ինչ-որ կերպ պահել ջուրը»,- ասաց նա։
Գիտնականն առաջարկում է բարձր լեռնային հատվածներում գեոտեքստիլային շերտով ձյունը և բացել միայն այն ժամանակ, երբ ոռոգման ջրի պակաս կա։
«Իհարկե, այս մեթոդը ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց որպեսզի ծախսն արդյունավետ լինի, կարելի է սա համատեղել լեռնադահուկային սպորտի հետ։ Այսինքն՝ սպորտը զարգացնելով կարելի է ծախսերը հանել»,-ասաց նա։
Արտակ Համբարյանը նաև նշեց, որ իրենք մի քանի գիտնականներով իրականացնում են փորձ՝ պարզելու, թե ինչ արդյունք կարող է տալ այս մեթոդը։
«Ներկայումս Արագածի հարավային գագաթի լանջերին մենք կարողացել ենք կուտակել 3 մ բարձրության ձյուն 200 քմ տարածի վրա։ Այսինքն՝ մոտավոր 8 500 խմ ձյուն կա, որը գյուղատնտեսական արժեք իրենից չի ներկայացնում, սակայն եթե մեծացնենք տարածքները, կշահի գյուղատնըտեսությունը»,-ասաց նա։
Մասնագետը նաև նշեց, որ իրենք այս ծրագիրը ներկայացրել են կառավարությանը, սակայն դեռևս պատասխան չեն ակնկալում, որովհետև չեն ավարտել իրենց փորձը։