Շատ պատահաբար հիշեցի 2012-ին տեղի ունեցած մի դեպք, երբ այրել էին մի գործարարի կոշիկի արտադրամասը: Մի պահ խոսակցություններ տարածվեցին, թվաց, թե բացահայտումներ են լինելու, սակայն ամեն ինչ պարտակվեց, որովհետև այդ հանցագործության հիմքում պատվեր կար, գործարարի լրագրող կնոջը ահաբեկելու նախաձեռնություն:
2013-ին թերթերից մեկը գրեց, որ երիտասարդ լրագրող Թերեզա Մարտոյանը հայտնվել է ծանր կացության մեջ, որ նա պատրաստվում է հեռանալ երկրից, քանի որ նրա ընտանիքը չի կարող այլևս հանդուրժել ստեղծված բռնաճնշումները… Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Այսրկովկասում առաջին ժողովրդավարական օազիսը, որով ժամանակին հիացած էին շատերը, որի մասին գրում ու խոսում էին, որ Հայաստանն ամենաազատն է մամուլի հրապարակումների, բազմակարծության, քաղաքական գնահատականների հարցում: Սակայն տարեց տարի Հայաստանը կորցրեց իր այս արժեքները և վերածվեց ամենասովորական ավտորիտար պետության, ուր լրագրողներ են ձերբակալում, ծեծի ենթարկում, ուր ազատ խոսքն ու ազատ մտածողությունը շատ հաճախ դատապարտվում է որպես աններելի հանցանք: Դեռ հիմա էլ շատերն են զարմանում, երբ տեղեկանում են, որ Հայաստանից այս կամ այն մտավորականը կամ լրագրողը հեռացել է, որովհետև ստեղծվել են անհանդուրժելի պայմաններ, որովհետև հատկապես մտավոր աշխատանքի տեր մարդը պահանջել է հարգել մարդու իրավունքները, առաջնորդվել սահմանադրական իրավունքի պահանջներով:
Երկրից հեռացողների մեջ է նաև շնորհալի լրագրող Թերեզա Մարտոյանը, որն աշխատել է մամուլի տարբեր ստորաբաժանումներում և մասնավորաբար ,,Օրինաց երկիր,, կուսակցության պաշտոնաթերթում: Հայաստանի ամենապարադոքսալ կուսակցություններից մեկն է սա, որը մերթ իշխանության բարձունքում էր, մերթ էլ՝ քաղաքական հետնախորշերում՝ իբրև ընդդիմադիր: Երբեմն էլ ստեղծում է ընդդիմության իմիտացիան՝ այսպես կարողանալով ապահովել կուսակցության վերնախավի ապահովությունը, կարիերան, ֆինանսական հոսքերը: Մինչդեռ կուսակցության շարքային անդամների, այս կուսակցության պաշտոնաթերթում աշխատողների մասին որևէ մեկը չի մտածել, որովհետև նրանք միշտ համարվել են ,,երրորդ տեսակի,, մարդիկ, որոնց խնդիրն է եղել զբաղվել առաջնորդների հանրահռչակմամբ, նրանց վարկանիշի ձևավորմամբ: Ավելին, կուսակցության առաջնորդներն իրենք են անտանելի դարձրել հատկապես լրագրողների կյանքը՝ նրանց ստիպելով աշխատել շատ, ստանալ քիչ:
2007-2008 թվականներին, երբ ,,Օրինաց երկիրը,, հանդես էր գալիս իբրև ընդդիմություն, խիստ վատթարացավ լրագրողների վիճակը Առանց այն էլ չնչին աշխատավարձը, որը չէր հասնում 100 ԱՄՆ դոլարի, սկսեցին վճարել մեծագույն ուշացումներով, իսկ 2007 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին առհասարակ աշխատավարձ չկար: Միայն աշխատավարձով ապրող մարդկանց համար սա արդեն ոչնչացմանը համազոր մի բան էր, ուստի ինչպես շատերը, այնպես էլ Թերեզա Մարտոյանը հանդես եկավ բողոքով, հարցազրույց տվեց ,,Ազատություն,, ռադիոկայանին, ներկայացրեց ստեղծված ծանր կացությունը: Սա էլ առիթ դարձավ, որպեսզի բուն կուսակցության ներսում սկսվեն հալածանքներն ու մեղադրանքները, ամբաստանություններն առ այն, որ լրագրողը փորձել է պաշտպանել իր իրավունքները, խոսել անարդարությունների մասին: Կարճ ժամանակ անց, տարբեր պատճառաբանություններով, Թերեզա Մարտոյանին ազատեցին աշխատանքից:
Այսպես նա զրկվեց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Բայց այքանով ամեն ինչ չավարտվեց: Այժմ էլ նա չէր կարող այլ աշխատանք գտնել, որովհետև աշխատել էր ընդդիմադիր կուսակցության պաշտոնաթերթում: Ամեն տեղ հնչում էին դատապարտող խոսքեր, ամեն տեղ փակվում էին դռներ: Ըստ էության, ճշմարտության զինվոր համարվող լրագրողը հայտնվեց անարդարության ու հալածանքների բավիղներում, նրա առջև փակվեցին բոլոր դռները: Նրան ծաղրում էին ու հեգնում, որ աշխատել է ,,Օրինաց երկիր,, թերթում, նրա առջև փակում էին բոլոր դռները…
Հետևաբար, միակ ելքը հեռանալն էր… Եվ հիմա Թերեզա Մարտոյանն ու իր ընտանիքը գտնվում են արտասահմանում: Ծանր ու դժվար են ապրում, սակայն գիտեն, որ վերադառմնալուց հետո՝ Հայաստանում չեն գտնելու աշխատանք ու ապահովություն: Եվ ցավ ենք ապրում, որ նմանները քիչ չեն: