1991-ի սեպտեմբերի 21-ը... Ահա այսպես՝ ծաղիկներով, կոնֆետներով ու մրգերով լի սեղաններով գնացինք ու ոգեւորված քվեարկեցինք մեր անկախության համար: Թերեւս սա այն եզակի դեպքն էր մեր նորանկախ պատմության մեջ, որ միասնական, ազնիվ ու արդար՝ ուղիղ 95 տոկոս «այո» ասացինք: Հիմա անկեղծ լինենք՝ քվեարկեցինք, որովհետեւ հոգնել էինք միակուսակցական, միահեծան այդ տաղտկալի ու միապաղաղ «պարտիական» իրականությունից: Քվեարկեցինք, ասացինք «այո»՝ սրանով մեր սերունդը արեց իր վճռորոշ քայլը, բայց... Հիմա պարզվում է, որ սովետական կառավարման համակարգի «կարոտախտը» դեռեւս մնացել է մեր մեջ: Ինչու՞ այսքան շուտ մոռացանք, որ դա միանշանակ փակուղի տանող տարբերակ է: Գուցե եկել է արդեն պահը փոխանցել կառավարման լծակները նոր սերնդին, որն իսկապես ազատ է սովետական ժամանակների ապրելակերպի տարատեսակ բարդույթներից: Թողնենք, որ իրենք կառուցեն իրենց Նոր երկիրը ու վերջապես հայկական պետականության շենքը դնեն իրատեսական ու բազմակարծության հիմքերի վրա:
1991-ի սեպտեմբերի 21-ը