Ֆեյսբուք 

Ինչո՞ւ Հիմնադիր խորհրդարանը չստացավ ժողովրդի աջակցությունը

Արման Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Հիմնադիր խորհրդարանը որպես ընդդիմադիր ուժ վերջին շրջանում ճիգեր է գործադրում մյուս ընդդիմադիր ուժերի պասիվության ֆոնին նոր թափ հաղորդել իր գործունեությանը: Խնդիրն այն է, որ երկրի ընդդիմադիր և ոչ իշխանական համարվող ուժերը կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ ժամանակավորապես դադար են տվել իրենց գործնական քայլերին, ինչը լավ առիթ հանդիսացավ Հիմնադիր խորհրդարանի համար:



Ակնառու է այն փաստը, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած քաղաքական ուժը իր գործողությունների նշանակետը կապում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, նպատակ ունենալով մոբիլիզացիա սկսել հենց ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Հայաստանի վրա և Հայաստան ժամանած օտարերկրյա բազմաթիվ պատվիրակություններ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



Սակայն ապրիլի 24-ին որևէ ներքաղաքական ակցիայի իրականացումը քաղաքացիների համար անընդունելի է, այդ իսկ պատճառով Հիմնադիր խորհրդարանը չստացավ երկրի նույնիսկ դժգոհ մասսայի աջակցությունը: Իսկ ՀԽ անդամների կազմակերպած վերջին բողոքի ակցիային ներկա մարդկանց թիվը չէր անցնում հարյուրը:



Մի՞թե ՀԽ-ի հերոսները բավական խորագիտություն չունեին հասկանալու համար, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների օրը որևէ ներքաղաքական ակցիայի իրականացումը անթույլատրելի է և իրենց քաղաքական ուժին տանելու է բարոյալքման: Այս տեսանկյունից Հիմնադիր Խորհրդարանի որոշ անդամների ձերբակալումը ուղղակի փրկություն էր հենց իրենց համար:



Կասկած չկա, որ «Հարյուրամյակը առանց ժեռիմի» շարժման հետևորդները շատ լավ գիտեն, որ ապրիլի 24-ին պետք է բոլոր ներքաղաքական խոսակցությունները մի կողմ դնել և հարգել Ցեղասպանության զոհերին հիշատակը: Սակայն հարց է առաջանում, ի՞նչն է ստիպել Հիմնադիր խորհրդարանին գնալ այդ քայլին:



Հնարավոր է, որ ինչ որ արտաքին ուժ այսպես ասած «վարագույրի հետևից» փորձ է կատարել առաջ մղել իր մտադրությունները` ինչ որ կերպ աջակցություն ցուցաբերելով ըննդիմադիր կոչված այդ միավորին:

Նույն շարքից