Նուբարյան գրադարանի հավաքածուից այս լուսանկարում պատկերված են Մարաշի (Լեռնային Կիլիկիա) որբանոցի երեխաները, որոնք Կաղանդի օրվա կապակցությամբ նվերներին սպասելիս՝ կանգնած են մանկատան պատշգամբում: Կենտրոնում գտնվող սեղանին թասերով դրված են խնձորներ և քաղցրավենիք: Լուսանկարի հավանական տարեթիվն է՝ 1919-ը:
Հին տոմարով Կաղանդը (կամ Ամանոր` Նոր տարի) նշվել է հունվարի 13-ի` լույս 14-ի գիշերը: «Կաղանդ» բառի ստույգ բացատրությունը տալիս է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»: Մեր նախնիները իրենց տանը ամանորյա ծիսական մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ մառաններից տուն էին բերում մրգերի, չրերի շարանները և հանդիսավորությամբ կախում սեղանատան առաստաղից: Նույն կերպ զարդարվում էր նաև Կաղանդածառը (տոնածառ)՝ նախապես ընտրված ծառի չոր ճյուղի վրա գունավոր թելերով կախվում էին չրեր, մրգեր և գաթաներ:
Մի այսպիսի մոռացված հետաքրքիր սովորույթ էլ է եղել: Հայկական բնակավայրերի պատանիները Կաղանդի գիշերը բարձրացել են բարեկամների և հարևանների տան տանիքներին և երդիկներից թելերով ներքև իջեցրել փոքր տոպրակներ` որպիսի տան տերերը այնտեղ տեղադրեն Կաղընտեսը՝ ընկույզ, չիր, չամիչ ու զանազան այլ քաղցրավենիք: