Այսօր Կիևում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել էր ՌԴ-ին Հայաստանին աջակցելու մեջ և հայտարարել, որ Մոսկվան իր այդ քայլով վտանգի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա Անկարայի հերթական փորձն է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը հետ մեկտեղ սրել իրավիճակը Մոսկվայի համար կարևոր նշանակություն ունեցող Հարավկովկասյան տարածաշրջանում՝ փորձելով շեղել Պուտինի ուշադրությունը Սիրիայից և Թուրքիայից: Երբ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը՝ Անկարան իր «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի միջոցով, քայլեր կատարեց շեղելու Մոսկվաի ուշադրությունը ռուս-թուրքական օրեցօր վատթարացող հարաբերություններից՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի և Ադրբեջանի շփման գոտում: Նույնն էլ հիմա է կրկնվում։ Միայն մեկ տարբերությամբ. Թուրքիան շատ ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին: Պաշտոնական Բաքուն այս հայտարաությանն անպայման պետք է արձագանքի: Չարձագանքելու դեպքում կվիրավորվեն և՛ Անկարան, և՛ Մոսկվան: Դավութօղլուի սադրիչ հայտարարությանը արդեն արձագանքել է Մոսկվան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի շատ Բաքվին նախազգուշացնող կոչով է հանդես եկել: Նա ասել է, որ Թուրքիային չի հաջողվի սեպ խրել ՌԴ-ի և Ադրբեջանի միջև, որոնք կառուցում են ընկերական և հարգալից գործընկերային հարաբերություններ: Այսինքն, Զախարովայի կոչը այս պարագայում ավելի շատ ուղղված էր Բաքվին, որ շատ չլկտիանա Անկարայից հնչող բարբաջանքներից և իրեն զգույշ պահի: Ու Բաքվում դա շատ լավ հասկացան: Ալիևի ձեռքից սնվող քաղաքագետ Էլհան Շահինօղլուն հետևյալ կերպ է մեկնաբանել Դավութօղլուի հայտարարությունը. «Հաստատել Դավութօղլուի ասածը՝ նշանակում է նյարդայնացնել Ռուսաստանին: Հերքել այդ հայտարարությունը՝ նշանակում է Դավութօղլուին մեղադրել ստի մեջ: Դա իր հերթին կբարդացնի Անկարայի հետ հարաբերությունները: Փաստորեն, Դավութօղլուն ասել է այն, ինչ մեր պաշտոնական այրերը ասում են փակ դռների հետևում: Մի քանի օրից Էրդողանը կժամանի Գյանջա և մեծ հավանականություն կա, որ կկրկնի Դավութօղլուի ասածը: Կգա մի ժամանակ, երբ մենք պետք է արձագանքենք Դավութօղլուի ասածներին: Եթե մեր պաշտոնյաները չեն ուզում կապել Ռուսաստանին Ղարաբաղի օկուպացման հետ, ապա նրանք պետք է գործածեն հետևյալ արտահայտությունը «Եթե Ռուսաստանը ցանկանա, ապա ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս ազատագրի Ղարաբաղը շրջապատող տարածքները»»: «Միամիտ» Շահինօղլուն գտնում է, որ Մոսկվայի համար շատ կարևոր են Անկարայից հնչող բարբաջանքներն իր հասցեին, և Պուտինի «պատիվը» պաշտպանելու համար, որ վերջինիս օկուպանտ չանվանեն, կոչ է անում ՌԴ-ին Երևանի վրա ճնշում գործադրելով «ազատագրել օկուպացված տարածքները», որոնց մեջ, շատ հետաքրքիր է, նա չի մտցրել Արցախը: Տեսնես սույն «քաղաքագետը» իրո՞ք հավատում է իր ասածներին: Երևի մտածում է, որ Վլադիմիր Պուտինը Լենինի նման դեբիլ է, որին թուրքերը կարմիր լաթի՝ նոր դրոշի, միջոցով խաբեցին ու ահռելի օգուտներ կորզեցին Մոսկվայից: Համոզված եմ, որ Անկարայի և Բաքվի այս բեմադրությունը, որը նաև ուղղված է Մինսկի խմբի դեմ, որի համանախագահներից մեկին՝ ՌԴ-ին երկուսն էլ մեղադրում են Ադրբեջանի տարածքների օկուպացմանը մեղսակցության մեջ, իր արդյունքը չի տա:
Հ.Գ. Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանին սպասում են ծանր ժամանակներ: Ռուս-թուրքական հարաբերությունների շարունակ վատթարացման դեպքում Անկարան չի վարանի իր գործընկերների՝ Բաքվի և Կիևի միջոցով շեղել Մոսկվայի ուշադրությունը: Յուրահատուկ սերտացել են Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները: Իսկ «շեղելու» մեթոդները տարբեր են: Հայկական երկու պետությունները, ինչպես նաև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի: