Հարցազրույց 

Մենք կարող ենք դառնալ երկիր, որի հետ չեն ցանկանա խնդիրներ ունենալ. Վովա Վարդանով

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ  Հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը հատուկ պարապունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր բնակչության և երկրի մարտունակությունը, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա բանակ, որի հետ խնդիրներ չեն ցանկանա ունենալ: Analitik.am-ի թղթակիցն  այս նախաձեռնության մասին խոսել է հենց Վովա Վարդանովի հետ:

Պարոն Վարդանով, կպատմե՞ք Ձեր նախաձեռնության մասին:

-Որոշումը կայացրեցինք ապրիլի 3-ին, իսկ արդեն 4-ից սկսեցինք հավաքագրումը: Առաջին փուլը՝ նախնական ռազմական պատրաստությունը, կտևի 15 օր: Դրանից հետո, ովքեր կցանկանան ներգրավել ռեզերվային գումարտակի մեջ, պետք է ևս  15 օր  մասնակցեն պարապունքներին, որոնց ընթացքում կկարողնան ծանոթանալ համապատասխան զինատեսակների հետ: Այս կերպ մենք փորձում ենք բարձրացնել մեր ազգի և երկրի մարտունակությունը: Ստեղծում ենք մարտունակ ստորաբաժանում, որը անհրաժեշտության դեպքում կկարողանա մոտ 4 ժամվա ընթացքում հավաքվել և մեկնել առաջադրանք կատարելու:

Մեր երկրում ակտիվացել են այն խոսակցությունները, թե ռեզերվային բանակ ստեղծելու անհրաժեշտություն կա, Դուք կարծես նման բանակի հիմք եք դնում, կա՞ ինչոր մեկի աջակցությունը և ինչպիսի՞ն են լինելու զարգացումները, երբ Ձեր պատրաստած ստորաբաժանման կարիքը լինի, ո՞ւմ հրամանով եք գործելու, ինչպե՞ս  և ո՞ւմ հետ եք համաձայնեցնելու ձեր գործողությունները:

-Նման դեպքերում Պաշտպանության նախարարությունն է ասում, թե ով որտեղ պետք է մեկնի: Վերոնշված ստորաբաժանումը կազմավորելուց հետո մենք ցուցակը կներկայացնենք ՊՆ-ին: Տագնապ հայտարարելու իրավունքը պատկանում է հենց ՊՆ-ին և անհրաժեշտության դեպքում ստեղծվելիք ստորաբաժանումը շատ արագ հավաքվելու է և սպասելու հենց նախարարության հրամանին:

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա ես ուզում եմ հավատալ, որ սա կլինի ռեզերվային բանակի հիմքը: Մենք արդեն սկսել ենք հասկանալ նման բանակի անհրաժեշտությունը:

Աջակցության մասով ասեմ, որ չկա նման բան: Նախ ես չեմ դիմել, որովհետև դրա ժամանակը չէ: Ամեն դեպքում արդեն հաշվեհամար ենք բացել, իսկ մինչ այսօր իմ միջոցներով եմ արել ամեն ինչ: Սակայն շուտով, երբ արդեն զինատեսակների հետ ծանոթանալու խնդիր կլինի, ստիպված եմ լինելու օգնության դիմել, քանի որ նույնիսկ մուլյաժներ չունենք:

Պարապունքներն անվճա՞ր են:

-Այո…արդեն երկու տարի է մենք ՈՄԱ-ի (ողջ մնալու արվեստ)  հետ նմանատիպ վճարովի պարապմունքներ ենք անցկացնում, սակայն այս դասընթացներն անվճար են: Պետք է նկատեմ, որ վճարովի հիմունքներով դասընթացներին մասնակցողների թիվը փոքր էր, նրանք այն մարդիկ էին, ովքեր հասկանում էին գործի կարևորությունը: Այժմ նման մարդկանց թիվը կտրուկ մեծացել է:

Իսկ դիմողները շա՞տ են:

-517 մարդ է է դիմել, որից 170-ով ենք զբաղվում: Կարծում եմ ևս 50-ին կտեղափոխենք ռեզերվ ու կունենանք կադրային գումարտակ, որը կկարողանա ինքնուրույն առաջադրանքներ կատարել:

Ի՞նչ կասեք Արցախի հերոս Արկադի ՏերԹադևոսյանի հայտնի կոչի մասին, որով նա դիմել է աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայազգի գեներալներին:

-Չեմ կարող ասել, թե ինչպիսի արդյունք կունենանք, բայց երբ սահմանին թեժացում եղավ և ես հանդիպեցի Տեր-Թադևոսյանի հետ, նա ինձ առաջարկեց մարդկանց հավաքել ու դուրս գալ դիրքեր, սակայն ես պատասխանեցի, որ առանց մարդկանց հետ պարապելու նման բան չեմ անի, նա ողջունեց այդ միտքը: Հիմա Կոմանդոսը կամավորականներ է հավաքում, և ով զենքին ծանոթ չէ, ուղարկում է ինձ մոտ: Իմիջիայլոց, պարապունքներին մասնակցել ցանկացողներ ունենք Հայաստանի տարբեր մարզերից, և հնարավոր է՝ ավելի ուշ առանձին վաշտեր ստեղծել արդեն ոչ Երևանում: Պարապունքներին մասնակցել ցանկացողներ ունենք նաև արտասահմանից:

Կան կարծիքներ, որ մենք հետագայում կարող ենք գործ ունենալ ավելի լուրջ հակառակորդի հետ, քան՝ Ադրբեջանն է: Եթե մեզ հաջողվի ռեզերվային բանակ ստեղծել, կկարողանա՞նք դիմակայել լուրջ հակառակորդի:

-Իհարկե, մենք կարող ենք դառնալ երկիր, որի հետ չեն ցանկանա խնդիրներ ունենալ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ուժ կներկայացնի Հայաստանն իրենից, եթե մենք ունենանք 100 մարտունակ գումարտակ:

Իսկ կա՞ ինչոր փորձ, որից օգտվում եք, թե՞ սա հայկական մոդելն է:

-Մեթոդիկայի հարցում սա մեր ջոկատի մոդելն է, որը հիմնված էր խորհրդային հատուկջոկատայինների մեթոդիկայի վրա: Մեր ջոկատի տղաների մեծ մասը բացի հետախույզ լինելուց, նաև լեռնային հրաձիգի որակավորում ունեն: Ամեն դեպքում, մենք հաշվի ենք առնում Շվեյցարիայի, ԱՄն ազգային գվարդիայի և Իսրայելի փորձերը:

Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր կցանկանան հենց այսօր ներգրավել պարապունքներին:

-Նրանք այսօրվա պարապողների հետ չեն կարող պարապել, մենք նոր հավաք կկազմակերպենք, որին արձագանքնողների հետ առանձին աշխատանք կտարվի: Այդ աշխատանքը տարվելու է այսօրվա խմբի հետ արդեն մասնագիտական պարապմունքներ իրականացնելուն զուգահեռ:

Պարապունքները միայն դահլիճո՞ւմ են լինում:

-Շաբաթ ու կիրակի օրերը մենք դուրս ենք գալիս պալիգոն: Նախորդ անգամ եղել ենք «Փոքր Մհեր» կրթահամալիրի պալիգոնում, սակայն այս անգամ մեզ չեն կարող այնտեղ ընդունել:

Մեր թղթակիցը զրուցել է նաև պարապմունքներին մասնացողների հետ: Նրանցից Ռաֆայելը նշեց, որ ընկերներով միանգամից են որոշել մասնակցել պարապմունքներին, երբ լսել են դրանց մասին. « Այս կերպ բարձրացվում է մեր երկրի մարտունակությունը, մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում շատ արագ հավաքվել և մեկնել առաջադրանք կատարելու: Մեր երկիրը տարածքի և բնակչության թվի առումով խիստ սահմանափակ հնարավորություններ ունի, այս պայմաններում մեզ համար փայլուն օրինակ կարող են լինել Իսրայելը և Շվեյցարիան: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պաշտպանել մեր երկիրը, որը գտնվում է պատերազմական վիճակում, իսկ պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»,- ասաց Ռաֆայելը:

Դասընթացներին մասնակցող Սվետլանան իր հերթին ասաց, որ պարապմունքներին մասնակցում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում պատարստ լինի մեկնել դիրքեր, օգնել զինվորներին և պաշտպանել մեր հայրենիքը:

Հավելենք, որ նախաձեռնությանն օգնել ցանկացողների համար «Ամերիաբանկում» հաշվեհամար է բացվել.

Հաշվեհամար Հաշվի արժույթ
1570023689240100 AMD
1570023689240101 USD
1570023689240146 EUR
1570023689240158 RUB

Նրանք, ովքեր կցանկանան հավելյալ ինֆորմացիա ստանալ, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 055-71-52-62 Արշակ Վարդանով

 

Նույն շարքից