«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն քաղաքապետ» կատեգորիայում

 

Քվեարկել այստեղ


Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ՏԻՄ gործունեությունը, նշեք բացթողումներ և առավելություններ:


Կարծում եմ այն ծրագրերը, այն խնդիրները, որ իրենց առջև դրել էին ՏԻՄ-երը անցնող տարում, մեծամասամբ կատարվել են: Այդ առումով ՏԻՄ-երի աշխատանքը համարում եմ բավարար: Իսկ բացթողումներ աշխատանքի ընթացքում միշտ էլ լինում են, կարևորը, որ դրանք մեծ չափերի չեն ու կատարված աշխատանքի վրա ստվեր չեն gցում: ՏԻՄ-երի gործունեության առավելությունները հենց այն աշխատանք է, որ կատարում են, որի արդյունքում համայնքում լուծում են ստանում առկա խնդիրները:

 

Ինչպե՞ս եք գնահատում ավաgանու ինստիտուտի գործունեությունը, արդյոք հասարակությունն ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, եթե ոչ, ապա ինչո՞ւ:


Մեր ավագանիները դեռևս կայացման ճանապարհին են: Տարեցտարի զգացվում է այդ ինստիտուտի ակտիվությունը: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա, այո մեր համայնքում հկ-ներ, անհատ քաղաքացիներ, ակտիվիստներ մասնակցում են կառավարման գործընթացին: Մասնավորապես, մասնակցում են պարբերաբար կազմակերպվող հանրային քննարկումների, ներկայացնում իրենց առաջարկները, ինչը շատ եմ կարևորում և ողջունելի է: Սակայն պետք է նշել, որ համայնքի բնակիչներն առայժմ ավելի շատ պահանջներ են ներկայացնում, քան նախաձեռնում և աջակցում: Շատ լավ կլինի, որ հասարակությունը քաղաքի խնդիրներն իրենը համարի, սրտացավ վերաբերի հանրային սեփականությանը, լինի համբերատար, պատրաստ` օգնելու տեղական իշխանություններին այս կամ այն խնդրի լուծման գործում:

Բնակչության կենսամակարդակն աճել է, թե՞ նվազել Ձեր համայնքում 2013թ.-ին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ:


Բնակչության կենսամակարդակի աճի կամ նվազման մասին խոսել մեկ տարվա կտրվածքով` դժվար է: Շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, իսկ դրա համար որոշակի ժամանակ է պետք: Կապանի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հետ համատեղ անում ենք հնարավորը բնակչության անապահով խավի խնդիրները մեղմելու համար: Պետք է ասել, որ այսօր ավելի շատ խոսվում է արտագաղթի մասին, սակայն Կապանում, ի ուրախություն մեզ, կան մարդիկ, առայժմ ոչ մեծ թվով, որ վերադառնում են արտերկրից ու ցանկություն են հայտնում մնալ և աշխատել Կապանում: Այդ մարդկանցից մի քանիսի հետ հանդիպել եմ, զրուցել, լսել նրանց, փորձել եմ աջակցել աշխատանքի տեղավորման հարցում, նաև` տալ հնարավորություն` սեփական գործ սկսելու համար:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


Շնորհավորելով բոլոր հայերին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, մաղթում եմ նրանց առողջություն, բարօրություն, սեր և ուժեղ կամք` ամուր կապերով հայրենիքում մնալու և արարելու համար: Թող հայ օջախներում մշտապես թևածեն հայկական ավանդույթներն ու հայեցի միտքը: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն:

Նույն շարքից