«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ

analitik.am

 Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա ավագ սերնդի  լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում

Քվեարկել այստեղ

Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին  ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը:

- Ներքաղաքական կյանքում՝ տոտալ  կեղծված ընտրություններ, հասարակության մոտ հիասթափության ավելացում, քաղաքացիների վրա հարկային բեռի ավելացում՝ «կարմիր գծեր», «տեսանկարահանող սարքեր», պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ եւ այլն: Կոռուպցիայի եւ ստվերի ավելացում, մենաշնորհի ամրապնդում, փոքր ու միջին ձեռնարկությունների նկատմամբ հարկային տեռոր, որը շատ դեպքերում ավարտվել է նրանց փակվելով. /միայն Երեւանում 1 տարվա  ընթացքում փակվել է 1000 փոքր խանութ/: Արտագաղթի ահագնացող տեմպեր՝ 10 ամսվա տվյալներով 247 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը:

Արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ իշխանություններն 2013թ. արձանագրել են միայն ձախողումներ. 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը քաղաքական շոկի մեջ է գցել բոլոր միջազգային կառույցներին: ՀՀ-ն վերջնականապես ձեռք է բերել անկանխատեսելի, անվստահելի գործընկերոջ համբավ: Արդյունքում՝ դադարեցվել են ֆինանսական աջակցությունները եւ ծրագրերի ֆինանսավորումը ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլ միջազգային կառույցների կողմից: Հայաստանի իշխանություններն այլեւս միջազգային հարաբերություններում չեն դիտարկվում որպես սուբյեկտ եւ չեն կարող որեւէ հարց առաջ քաշել ու լուծել: ՀՀ իշխանությունները չեն կարող ձեւավորել արտաքին օրակարգ: ՀՀ-ն դարձել է այլոց շահերի բախման օբյեկտ:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանություն-հասարակություն կապը, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ: 

- Այդ կապը միայն թշնամական է, Հայաստանի ողջ ժողովուրդը հայհոյում կամ անիծում է  իշխանություններին, կամ էլ՝ լավագույն դեպքում լքում երկիրը: Իշխանությունն էլ ամեն ինչ անում է քաղաքացիների հույսը կոտրելու, քաղաքացիների վրա ֆինանսական բեռն ու ճնշումն ավելացնելու, ապատիայի վիճակ ստեղծելու, ոչ քաղաքական եւ ոչ քաղաքացիական մթնոլորտ ձեւավորելու համար:

Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:

- Կմաղթեմ մնալ Հայաստանում, եւ հավատալ, որ միայն իրենք կարող են լուծել իրենց ու մեր երկրի խնդիրները, եւ վերջապես, Հայաստանում կատարել իշխանափոխություն եւ ձեւավորել օրինական իշխանություն:

 

 

Նույն շարքից