Տնտեսություն 

ՀԲ–ից, Կառավարությունից ՀՀ արոտների անապատացման դեմ պայքարի համար վերցված վարկն անարդյունավետ է ծախսվել

analitik.am

Հայաստանի արոտների անապատացման դեմ պայքարի համար Համաշխարհային բանկից վերցրած 15 մլն դոլար վարկը և Կառավարության կողմից հատկացված 5 մլն դոլարը պրակտիկորեն չեն ծառայում իրենց նպատակին այն դեպքում, երբ առկա են մեր հայ գիտնականների մշակումները, որոնք կարող էին զգալիորեն փոխել իրավիճակը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տեխնիկական գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանը՝ ավելացնելով. «Ցավոք, պատկան մարմինները անտեսում են դրանք»:

Նա վկայակոչեց Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանում կա մոտ 1 մլն հեկտար արոտ և 130 հազար հեկտար խոտհարք, որոնք տալիս են Հայաստանում արտադրվող կաթի 70 տոկոսը և մսի՝ կեսից ավելին:

Սակայն վերջին շրջանում բնապահպանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ այդ հողերը աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, իսկ գյուղամերձ արոտներն ու խոտհարքները, ըստ Ստեփան Խոյեցյանի, վերածվել են անապատի:

«Այնտեղ չի աճում ոչ մի բան,և պատճառները երկուսն են՝ արոտների գերծանրաբեռնվածությունը և ճմաշերտի կամ հողի ծածկույթի նկատմամբ ոչ մի աշխատանք չտանելը: Նույն ճակատագիրն է սպասում հեռագնա արոտներին»,-հայտարարեց բանախոսը:

Նրա մեկնաբանությամբ՝ սա նշանակում է, որ արդեն վտանգված է կաթի ու մսի ինքնաբավությունը երկրի ներսում: Սա ռազմավարական հարց է:

Եվ մյուս կողմից, խոտի դեֆիցիտը, որը պարբերաբար ազդում է հանրապետությունում կաթնամթերքի արտադրության վրա, իսկ հետագայում այդ բացասական միտումը, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարի կանխատեսումներով՝ գնալով ավելանալու է:

Հենց ԱՎԾ տվյալներով՝ վերջին երկու տարիներին Հայաստանում մեկ շնչի հաշվով 2 երկու անգամ պակաս միս է և 1,5 անգամ պակաս կաթ է արտադրվել, և այս ցուցանիշները Հայաստանի դիրքերը ԱՊՀ մոտ մեկ տասնյակ երկրների թվում հետ են մղել մինչև «հետնապահական» դիրքեր:

Կաթնամթերքի տեղական արտադրությունը վերջին հինգ տարում մսի մոտ 60 տոկոսանոց թանկացման (կաթի՝ 20 տոկոսանոց) պայմաններում այս քաղաքականության ու միտումների հետևանք է: Այս միտումները հանգեցնում են դրսից մսամթերքի և կաթնամթերքի ներկրման ավելացմանը: Օրինակ՝ 2012-ին Հայաստան է ներմուծվել 90 միլիոն ԱՄՆ դոլարի միս և մսամթերք:

«Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, որ մենք չենք կարողանում պահպանել մեր արոտներն ու խոտհարքները, գյուղում պահպանելով աշխատատեղերը, և դրանով նպաստելով արտագաղթին, բայց պայմաններ ենք ստեղծում արտերկրում գյուղացու համար պայմաններ ապահովելու համար»,- մեկնաբանեց Ստեփան Խոյեցյանը:

Ինչ վերաբերում է ՀԲ-ի հատկացված վարկին, ապա նկատի ունենալով այս իրավիճակը Կառավարությունը ծրագիր է մշակել խոշոր եղջերավոր անասուններին ուղղորդել դեպի հեռավոր արոտները, ըստ Ստեփան Խոյեցյանի, «այնտեղ շատ խոտ կա հիմնավորմամբ»:

Սակայն նրա խոսքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ մեր արոտներից կեսից ավելին՝ մոտ 600 հազարը պիտանի չեն, այս տարածքները ծածկված են վնասակար, թունավոր նյութերով:

Քանի որ մասնագիտական հաշվարկներով՝ ամեն մի խոշոր եղջերավորին պետք է հատկացվի մեկ հեկտար արոտ, ապա ստացվում է, որ խոշոր եղջերավորների և ոչխարների ընդհանուր գլխաքանակը գերազանցում է արոտների ծավալներին, այսինքն՝ արոտները գերծանրաբեռնված են:

Ստեփան Խոյեցյանի տեղեկացմամբ՝ այսօր մեկ հեկտարի վրա արածում է երկու անասուն: Իրավիճակը էլ ավելի են խորացնում Գյուղնախարարության ներկրված երինջները, որոնց կեսը, ի դեպ, ըստ Ստեփան Խոյեցյանի, ոչ պատշաճ կերակրվելու պատճառով՝ սատկել են:

Նույն շարքից