Այս գործով մեզ համար ամեն ինչ սպասելի է, անգամ այսպիսի որոշումը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու մասին:
Ալումյանի խոսքերով, վերոնշյալ որոշումն ինքը բացասական է համարում, այնտեղ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի. «Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ կայացված քաղաքական պատվերի շրջանակներում: Այս որոշման մեջ իրավաբանությունը հավասար է զրոյի»:
Քոչարյանի փաստաբանը նշեց, որ դատական պրոցեսը մինչ այս ընթացել է հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել է օրինական ճանապարհով. «Որոշումը, որը կայացվեց, իրավաբանության հետ առհասարակ կապ չունի: Եթե որևէ անաչառ իրավաբան նայի մեր բողոքը, առնվազն 10 առանձին հիմք կգտնի Քոչարյանին ազատ արձակելու համար»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի արձագանքին, ով մասնակցում էր նիստին, Ալումյանը նշեց, որ վերջինս հերթական անգամ համոզվեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման. «Քոչարյանը մեզ հետ զրույցում արտահայտեց կարծիք, որ այս գործով իրականացվում է քաղաքական հետապնդում, ոչ թե արդարադատություն»:
Ալումյանը հայտնեց, որ Վերաքննիչի որոշումը բողոքարկելու են Վճռաբեկում, զուգահեռ հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ:
Փաստաբանը նաև չբացառեց, որ Քոչարյանը մարտի 1-ին ազատության մեջ կլինի, քանի որ կալանավորման հետ կապված բողոքը վաղուց է ներկայացվել Վճռաբեկ: Ինչ վերաբերում է մարտի 1-ի մասով Քոչարյանի պլաններին, այդ մասով քննարկում չի եղել: