Վիճակագրական հաշվարկներում պետք է առկա լինի հստակ տրամաբանություն: Օրինակ, անտեղի է ամփոփել հանքաքարի և պատրաստի մետաղի ցուցանիշները համատեղ: Սակայն նման բան արդեն կիրառվում է կարևորագույն 25 ապրանքների տարեկան հաշվարկման ժամանակ:
Մասնավորապես, անասնաբուծական արտադրանքների համար՝ տավարի միս, խոզի միս և թռչնամիս:Ինչպես հայտնի է, այդ ապրանքների ռեսուրսները գոյանում են տեղական արտադրության ծավալից գումարած ներմուծումն ու հանած արտահանումը: Այսպես, տեղական մսի արտադրանքի ծավալը բերվում է կենդանի քաշով, իսկ ներմուծումը` սպանդային: Այդ կերպ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունների համար ռեսուրսների մեջ ներգրավված է ոչ ուտելի կաշին, եղջյուրները և կճղակները և փորոտիքը:Նման հաշվարկների արդյունքում տավարի մսի տեղական ռեսուրսների տեսակարար կշիռը Հայաստանում ընթացիկ տարվա հունվար – սեպտեմբեր ամիսներին 84.5 տոկոս էր, խոզի մսինը՝ 35.2 տոկոս, թռչնի մսինը՝ 15.5 տոկոս:
Պարզ է, որ մսի վերջին երկու տեսակի տեղական արտադրության համամասնությունը բավական ցածր է: Եթե կենդանի քաշով արտադրության ցուցանիշները փոխարինենք սպանդի ցուցանիշով, ապա այս համամասնությունն ավելի է նվազում: Օրինակ փոխարինումն իրականացնենք՝ հիմք ընդունելով ավելի բարձր գործակիցները: Ասենք՝ խոշոր եղջերավոր անասունները որպես պարարտ կենդանիներ, խոզերը՝ ճարպոտ, ընտանեկան թռչունները՝ անմշակ վիճակում: Թեև գյուղատնտեսների մոտ այս կենդանիները դժվար թե նման բարձր մակարդակի պայամնների են հասնում: Կերը չի բավականացնում…
Սակայն, տեղական արտադրության «աջակցության» համար ընտրենք լավագույն գործակիցները: Փոխարինման արդյունքում տեղական արտադրության թռչնամսի տեսակարար կշիռը նվազում է 875 տոննայով(21 տոկոս), խոզի մսինը՝ 752 տոննայով(20 տոկոս), տավարի մսինը՝ 7.5 հազար տոննա(39 տոկոս): Նշենք, որ հաշվարկները կատարվում են երկրում մսամթերքի արտադրություն պաշտոնական տվյալների հիման վրա, որն ինքնին որոշ անկախ փորձագետների մոտ լուրջ կասկածներ է հարուցում...Այս «ուղղումների» արդյունքում ընդհանուր առմամբ տեղական արտադրության համամասնությունը տավարի մսի դեպքում կրճատվում է 7.6 տոկոսային կետով, խոզի միսը՝ 4.9, թռչնմիսը՝ 2.2 տոկոսային կետով: Թվում է, վերջին երկուսի դեպքում տարբերությունը աննշան է: Սակայն վերևում նշվեց, որ դրանց տեղական արտադրության համամասնությունը առանց այն էլ ցածր է: Ըստ էության, պաշտոնական վիճակագրության տվյալներում կեղծիքն ակնհայտ է, որն ուղղված է մսի տեղական արտադրության ցուցանիշների ուռճացմանը: Առանձին մասնագետներ ու հասարակ քաղաքացիներ, ովքեր չեն հասկանում վիճակագրության այս տեսակ նրբությունները, հաճախ դրանք կիրառում են մսի շուկայի վերլուծության համար: Օրինակ, մեկ շնչի համար մսամթերքի հաշվարկման ժամանակ գլխի չեն ընկնում, որ գործ ունեն ոչ հստակ տվյալների հետ: Ավելին, դրանք ուռճացված են: