Տնտեսություն 

«ՀՀ-ն պետք է մաքսիմալ օգուտ քաղի ռուս-թուրքական էներգետիկ հարցերից». Վարդան Բոստանջյան

analitik.am

Վերջերս հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» և Թուրքիայի կառավարությունը պայմանավորվել են ավելացնել «Երկնագույն հոսք» գազատարի հզորությունը` տարեկան 3 մլրդ խմ-ից հասցնելով 19 մլրդ խմ-ի: Դրանով Թուրքիայի իշխանությունները նախատեսում են երկրի տնտեսությունն ապահովագրել ցամաքային գազատարով մատակարարումների հնարավոր դադարեցումից, որն անցնում է նաեւ Ուկրաինայի տարածքով: Ներկայում այս ուղղությունից Թուրքիան ստանում է իրեն անհրաժեշտ գազի մոտ 12,5%-ը: Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է, որ այս դեպքում Թուրքիայի համար Ռուսաստանը գազի ավելի ցածր գին կսահմանի:


«Ինչ վերաբերում է ՌԴ-ից Թուրքիայի ակնկալիքներին, ես հակված եմ մտածելու, որ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը այս հարցում, գոնե, նկատի կունենա նաև Հայաստանի շահերը: Ընդհանրապես տարածաշրջանի էներգետիկ համակարգին վերաբերող խնդիրների տեսանկյունից ակնհայտորեն գոյություն ունեն հիմնախնդիրներ, որոնց լուծումը ենթադրում է բոլոր կողմերի շահերի հաշվառում: Այս դեպքում, երբ Թուրքիան ցանկություն է հայտնել մեծացնել ՌԴ-ից գնվող գազի ծավալները, բնականաբար դա պետք է անի այնպես, որ տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության շահերը չվտանգվեն: Մենք հասկանում ենք, որ էներգետիկ անվանգության և կայունության առումով բոլոր երկրները ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ տարածաշրջանային ինստիտուտը, միշտ գերակա վիճակում են»,- Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետը: Ըստ նրա՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի նաև Հայաստանի շահերը, քանի որ դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, որոնք շահավետ են ոչ միայն ՀՀ-ի համար, այլև՝ ՌԴ-ի:


«Այս պահին մենք տարեկան սպառում են 1,7 մլրդ խոր. մ գազ, որը ներկրվում է Ռուսաստանից: Բայց հզորության կտրվածքով՝ մենք հնարավորություն ունենք ստանալու 8 մլրդ խոր. մ գազ: Այսինքն՝ եթե մենք շահագործենք մեր հզորությունը, ինչը դեռևս չենք անում, ըստ էության, կարող ենք արտադրել էներգիա, որի ավելցուկը պետք է իրացվի: Մասնավորապես, Թուրքիան թող գնի: Սա կլինի փոխադարձ շահավետ և մեկի, և մյուսի համար: Ռուսաստանի համար, որքան հասկանում եմ, ցանկալի չէ այս հարցում Հայաստանին շրջանցելը: Բացի այդ, հիմա մենք մի քանի գործընթացներ ենք վարում՝ կապված Մաքսային միության, Եվրասիական միության հետ: Սա նշանակում է, որ տնտեսական հարցերով Ռուսաստանի քայլերը ուղղակի, թե անուղղակի առնչվելու են միության անդամ երկրների և Հայաստանի հետ, որը պատրաստվում է միության անդամ դառնալ»,- նշեց Վ. Բոստանջյանը: Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ փոքր երկրներին մեծ հնարավորություններ ընձեռված չեն, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությանը: Մեծ երկրները, բնականաբար, լուծում են իրենց խնդիրները: Եվ այդ լուծման ճանապարհին նրանք ուշադրություն են սևեռում այն երկրների վրա, որոնք կարող են հայտնվել այդ շահերի արանքում: Ելնելով հենց այդ շահերից՝ նրանք փոքր երկրներին հրամցնում են խնդիրների լուծման այն տարբերակը, որը իրենց է ձեռնտու: «Թուրքիա-Ռուսաստան էներգետիկ համագործակցության դեպքում Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի իր ինքնիշխանությունը: Բայց բոլոր դեպքերում հասկանալի է, որ աշխարհի ուժեղների հետ պետք է հաշվի նստել: Այս պարագայում էլ մենք կարող ենք օգուտներ քաղել: Իսկ ծայրահեղ ու կտրուկ կեցվածքներ այստեղ պետք չեն: Դրանք, առնվազն, անհեռանկարային են»,- ասաց տնտեսագետը: Նա առաջարկում է այս դեպքում ճիշտ քաղաքականություն վարել, որը իրավիճակից մաքսիմալ օգուտներ քաղելն է:


Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ամենատարբեր ձևերով իր պատրաստակամությունը ներկայացնի այն մասին, որ ամբողջությամբ կօգտագործի իր հզորությունը, խոսքը 8 մլրդ խոր. մ գազ ստանալու հնարավորության մասին է, դրանից կստանա էներգետիկ արտադրանք և այն կիրացնի փոխշահավետ պայմաններով: «Հայաստանը դեռևս կենտրոնացված կառավարման տարիներին էներգետիկ անվտանգության և հզորության առումով բարձր մակարդակում է եղել ամբողջ Սովետական երկրում: Այդ պոտենցյալը դեռևս կա և կմնա ՀՀ-ում: Գումարած դրան մարդկային կապիտալը՝ այդ ամենը, նրբորեն և դիվանագիտորեն օգտագործելով, մենք կարող ենք ապահովել ցանկալի շահեր մեր երկրի համար»,- համոզված է Վ. Բոստանջյանը: Ըստ նրա, եթե Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան հակվածություն ունենան էներգետիկայի ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, ապա հուզական երանգները իրենք հաշվի չեն առնի և չեն հարցնի՝ Հայաստանին դա ձեռնտու է, թե չէ: Նշենք, որ Թուրքիան Եվրոպայում «Գազպրոմի» համար վաճառքի երկրորդ խոշոր շուկան է` Գերմանիայից հետո: «Երկնագույն հոսքով» ռուսական գազի արտահանումը Թուրքիա իրականացվում է «Գազպրոմի» եւ Թուրքիայի Botas ընկերության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որը նախատեսում է 25 տարվա ընթացքում մատակարարել 365 մլրդ խմ գազ:



Սեդա Հերգնյան

Նույն շարքից